Հայ ռազմագերիների սպանության դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Իշխանասարի դիրքերից մեկում: Եվրադատարանում գերիների ու անհետ կորածների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ որոշ զինծառայողներ նույնականացվել են, այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:
Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում գերիների և անհետ կորածների շահերի ներկայացուցիչ) - Տեսանյութի հայտնվելուց հետո է միայն հաստատվել հանգամանքը, որ նրանք զրկվել են կյանքից, և նրանց վրա չի տարածվում այն կանոնները, որ զինծառայողին կամ կոմբադանտին խոցելը իրավաչափ է: Այսինքն՝ նրանք եղել են զենքը վայր դրած, անզեն անձինք, ունեցել են գերու կարգավիճակ, զրկվել են կյանքից: Արտադատական մահապատիժ է իրականացվել նրանց նկատմամբ:
Ադրբեջանի պատերազմական հանցագործությունը փաստող տեսանյութում երևացող զինծառայողների մարմինները ավելի վաղ Ադրբեջանը փոխանցել էր Հայաստանին: Իրավապաշտպանները սեպտեմբերի 13-ից գերիների ու անհետ կորած անձանց գործերով դիմել են Եվրադատարան՝ անհապաղ միջոց կիրառելու համար: Ադրբեջանը ամբողջական, լիարժեք տեղեկություններ չի տրամադրել դատարանին, մինչդեռ տվյալներ ներկայացնելու համար խնդրել էր ժամկետը երկարաձգել մինչև սեպտեմբերի 29-ը:
Արտակ Զեյնալյան - Ադրբեջանը պատասխան ուղարկել է Եվրոպական դատարանին, վերահասցեագրվել է մեզ այդ պատասխանը, սակայն պատասխանը ըստ էության չէ: Չի ներկայացվել որևէ ապացույց, փաստը հաստատող որևէ ապացույց, թե ինչ պայմաններում են նրանք պահվում: Միայն տվել է գնահատականներ, որ նրանք պահվում են հումանիտար իրավունքի համապատասխան պայմաններում:
Սեպտեմբերյան դեպքերից հետո Ադրբեջանը հաստատել է 17 զինծառայողի գերությունը, այսինքն՝ Ադրբեջանում այս պահին գտնվում է հաստատված 50 գերի, սակայն հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութում երևում է, որ կոնկրետ այդ խումբը գտնվել է գերության մեջ և հետո սպանվել: Ըստ Զեյնալյանի՝ անհետ կորած համարվող զինծառայողների վերաբերյալ ստանում են նոր տվյալներ, որոնք ևս ուղարկում են դատարան:
Արտակ Զեյնալյան - Միայն տեսանյութով չէ, որ առաջնորդվելու ենք, բնականաբար, պետք է այս հանգամանքով պայմանավորված՝ նաև ուսումնասիրվեն դատաբժշկական եզրակացության փորձաքննությունները կամ զննման արձանագրությունները աճյունների և դրան կից ներկայացված լուսանկարչական հավելվածները՝ մահվան հանգամանքների վերաբերյալ եզրահանգումների համար:
Զեյնալյանը համոզված է, որ գերիների սպանության հարցում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ չեն կարող պատասխանատու չլինել: Միջազգային քրեական դատարան դիմելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է դեռևս ուսումնասիրել դրա իրավական հիմքերն ու հնարավորությունները: Այն կարևոր կարող է լինել կոնկրետ անձանց որպես մեղադրյալ ներգրավելու և պատասխանատվության ենթարկելու առումով: Պատերազմական հանցագործությունները Ադրբեջանում հայատյացության դրսևորում են: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքներ դասավանդվում են, հումանիտար իրավունքը զինծառայողներին է ուսուցանել նաև ինքը՝ Զեյնալյանը:
Արտակ Զեյնալյան - Ադրբեջանցիներին դասավանդում է Ռամիլ Սաֆարովը: Ունենք լուսանկարներ, որ հանդիպում է ներկայիս զինծառայողների հետ, նրանց փոխանցում փորձը և ոգին:
Նույն Սաֆարովը 2004-ին Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպային: Եվրադատարանի 2020-ի վճռով ճանաչվեց Գուրգեն Մարգարյանի խախտված իրավունքը: Բաքուն դեռ չի կատարել վճիռը: Ապրիլյան քառօրյայի ժամանակ ևս Ադրբեջանը թույլ տվեց պատերազմական հանցագործություններ, որոնց առնչությամբ սպասվում են ՄԻԵԴ-ի վճիռներ, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ գործերով քննությունը դեռ շարունակվում է:
Արտակ Զեյնալյան - Պետք է սպասել վճիռների՝ 2020-ի դեպքերի հետ կապված, 27 անձ անդամահատվել էր, մասնատվել էր, կենդանության օրոք կամ հետո: Չկան վճիռներ նաև նախկին գործերով:
Զեյնալյանը տվյալներ չունի, որ սեպտեմբերի 13-ի առնչությամբ Հայաստանի դեմ Ադրբեջանը գանգատ է ներկայացրել Եվրադատարան: Ադրբեջանը 2016-ին է հրատապ միջոց կիրառելու դիմումներ ներկայացրել Ստրասբուրգ, որոնց վերաբերյալ վճիռ դեռ չկա, բայց իրավապաշտպանը դրանք համարում է անհիմն, զերծ ապացույցներից: