ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթով ընդլայնվում են նաև Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները: Անվճար և անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը կդառնա ավելի հասանելի. ընդլայնվում է հանրային պաշտպանության շահառուների շրջանակը: Կվերանայվի նաև փաստաբանների ուսուցման և որակավորման կարգը. այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությունն առաջարկում է վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարման կառուցակարգը:
Նախաձեռնությամբ առաջարկվում է լրացում կատարել Քրեական օրենսգրքում: Ըստ այդմ՝ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակին դիմելիս ներկայացված գրավոր հայտարարագրում կեղծ տվյալ ներառելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 3-ի արտահերթ նիստում:
Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ:
Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: