Այգեվանում և հարակից գյուղերում ջրատար ցիստեռններն այլևս փողոցներով չեն շրջում: Փոխարենը՝ օրը մեկ անգամ Թալինից ջուրը բերում-դատարկում են գյուղամիջում տեղադրված բաքերի մեջ և լիտրը 20 դրամով վաճառում: Պահածոյացման սեզոնը սկսելուն պես տիկին Անահիտի ջրի ծախսն ավելանում է: Միայն խմելու ջրի համար օրական մոտ 1000 դրամ է վճարում:
Անահիտ Քոչարյան (Այգեվանի բնակիչ) - Օրը 1000 դրամն էլ գյուղացու համար մեծ գումար է:
Այգեվանցիները խմելու ջուրը գնում են, որովհետև ծորակներից հոսող ջուրը արտեզյան հորերից է: Դա էլ մատակարարվում է խորհրդային տարիներից ժառանգած այս ջրամբարտակից, քայքայված խողովակաշարով հասնում սպառողին: Գյուղացիները դժգոհում են ջրի որակից, ասում են՝ ինչ ասես՝ ջրի հետ գալիս է:
Վարազդատ Դավթյան (Այգեվանի բնակիչ) - Բաքի վերևը բաց է, ինչ թռչուն ասես՝ նստում, կեղտոտում է, դա էլ լցվում է ջրագծի մեջ, մենք օգտվում ենք: Կեղտոտ է, խմելու բան չի: Ջուրը որ միացնում ենք՝ ավազ է գալիս, սպասում ենք՝ նստում է, որ խմենք:
Անահիտ - Պատահում է՝ գոմի ջուր է գալիս, երեխաները թունավորվում են:
Այգեվանի և հարևան Լենուղու քայքայված ջրագծերը փոխելու հրատապ խնդիր էր առաջացել: Անցած դարի 70-ականներին կառուցված ու երբևէ չնորոգված խողովակաշարը հաճախ էր վնասվում, ջուրն արտահոսում էր: Արմավիրի ղեկավարությունը երկու գյուղում ջրատար նոր համակարգ կառուցելու սուբվենցիոն հայտ ներկայացրեց: Գործադիրի՝ 60 և համայնքի՝ 40 տոկոս համաֆինանսավորմամբ բնակավայրերի ջրամատակարարման ցանցն ամբողջությամբ փոխվում է:
Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Այգեվանում նախատեսված է 8,3 կմ երկարությամբ ջրագծի կառուցում, որը ենթադրում է 400 ներտնային միացում, ինչը նշանակում է խմելու ջուրը լավ որակով հասանելի է դառնալու 400 տնտեսության համար:
Իսկ Լենուղիում կկառուցեն ավելի քան 4,5 կմ-անոց խողովակաշար՝ 300 տնտեսության համար: Երկու գյուղում էլ բարձր ճնշման ջրատարներ կանցկացնեն, կտեղադրեն դիտահորեր ու բաշխիչ փականներ: Համակարգը գործի կգցեն ջրի ճնշման սահմանաչափը փորձարկելուց հետո:
Սարգիս Անդրեասյան (աշխղեկ) - Բոլոր բաժանորդների համար անցկացնելու ենք խողովակները, հասցնում ենք մինչև բաժանորդին, փականը դնում վրան, ավարտում ենք:
Շահագործումից հետո Այգեվանն ու Լենուղին շուրջօրյա ջուր կունենան: Տիկին Անահիտն այլևս ստիպված չի լինի ժամանակ ու միջոց տրամադրել ջուրը տուն հասցնելու համար: