Արտերի Յագուար է․ Հայաստանում այս կոմբայնից, պնդում են՝ ընդամենը մի հատ կա․ տեխնիկան կարգավորումները ստանում, հենց դաշտում եգիպտացորենն աղում-անասնակեր է սարքում։
Նահապետ Պետրոսյան (կոմբայնավար) - Մինչև 2,5 մմ կտրատում ա, ինչը որ հնձել ա՝ կտրատում ա:
Եգիպտացորենը ցանել-հնձում է ֆերմեր Արսենը։ Դաշտերը՝ տարբեր կտորներով մոտ 30 հա, Արմավիրի Հայկաշեն և Գայ գյուղերում են։ Այս հողերից բերք ստանալը գարնանը բոլորին անհնար մի բան էր թվում։ Հարևան եղեգները տեսնում եք՝ տարածքում ամբողջն այդ վիճակն էր՝ ցույց է տալիս համառ գյուղատնտեսը։
Արտակ Սարգսյան (ֆերմեր) - Նախկինում 30 տարի չեն մշակվել հողերը, աղակալած են, մենք մի 5-6 գործողություն ենք արել, որ կարողանանք ցանք կատարել, սրսկումները պարտադիր ենք արել, հետո նոր վարել ենք, քանի որ տարածքում ջրի խնդիրը մեծ ա, որոշեցինք ձեռք բերել անձրևացման համակարգ, 13 պոմպով միացնում ենք 45-50 մետր, համակարգը ցրում ա աջ ու ձախ, սրսկումները կատարում ենք դրոնով:
Արտը մոտակա խորքային հորերից ջրել են մոտ 50 մետր շառավղով շիթ արձակող անձրևացման համակարգով, սրսկումները կազմակերպել դրոնով։ Ստացած անասնակերը, կարելի է ասել, դաշտում վաճառված է։ Ապրանքը տեղափոխելու եկած բեռնատարի վարորդը նկատում է՝ տեխնիկան հիմա իհարկե շատ կատարելագործված է, բայց Սովետի ժամանակ էլ էին կովերի կաթնատվությունը բարձրացնելու համար սիլոս անում-պահում։
Վանիկ Մուսայելյան (բեռնատարի վարորդ) - Հատուկ հորեր կան՝ թթվացնում են, ձմռան դեմը տալիս անասունին:
Կենդանիների համար եգիպտացորենը հիմա ամենահյութեղ, վիտամիններով հարուստ վիճակում է՝ 125-126 օրական՝ աչքը դաշտից չի կտրում փորձառու գյուղատնտեսը։
Արտակ Սարգսյան - 12 տարվա փորձ ունեմ, պապայիցս եմ ժառանգել, նախկինում ցանել ենք Քաշաթաղի Միջինավան գյուղում:
Արմավիր եկել են պատերազմից հետո, փորձում են գյուղատնտեսական ընտանեկան գործն այստեղ շարունակել։ Անասնակեր աճեցնելը ձեռնտու է, բայց և ծախսատար՝ գնահատում է հայր Սարգսյանը։ Առաջին բերքից դժգոհ չէ։
Ծնունդով ասկերանցի ֆերմերի տարածքում հող մշակելուց ոգևորված են գյուղապետարանում, քանի որ աղակալման պատճառով այս կողմերում չմշակվող տարածքները շատ-շատ են։ Կոնկրետ Գայ գյուղում ունեցած 511 հա-ից մարդիկ կարողանում են միայն 20-25 տոկոսը ցանել, բնականաբար, այդքանի համար են հարկ տալիս։ Հիմա, երբ աղուտները մշակող է հայտնվել, գյուղացիները դաշտերը գոնե վարձով կտան՝ հույս ունի ավագանու անդամը։
Արմինե Պողոյան (Արաքս խոշորացված համայնքի ավագանու անդամ) - Ինքը պայմանագիր ունի գյուղացիների հետ, իրենց վճար է տալու, իսկ գյուղացիները էդ վճարից հարկեր կմուծեն, տեղական բյուջե հարկեր կմտնեն:
Քանի՞ հեկտար կարող են մշակել՝ առաջին բերքից հետո թվաբանություն Սարգսյանները դեռ չեն արել։ Բայց որ եկող տարի էլ են մտադիր գյուղատնտեսությամբ զբաղվել՝ հաստատ է:
Արտակ Սարգսյան - Կուկուռուզը անպայման կցանենք, բայց տեղը կցանենք ցանքաշրջանառության համար գարի-ցորեն, իսկ մի ուրիշ տեղ որ կարողանանք վարձենք՝ կուկուռուզ էլ կցանենք:
Արսենն ասում է՝ եթե տեղահանված իր ընտանիքին բանկերը վարկ տան, խոստանում է առնվազն 5 անգամ ավելացնել անասնակերի արտադրությունը։