Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի։
Հանդիպմանը ներկա էր նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։
Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում բարեկամ Իտալիայի նկատմամբ, որի հետ հարաբերությունները խարսխված են ընդհանուր պատմամշակութային և քրիստոնեական արժեքների հիման վրա։
Բարձր գնահատելով երկու երկրների Վճռաբեկ դատարանների միջև ձևավորվող գործակցությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատել է, որ հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է նաև եկեղեցական մակարդակով, ինչի վկայությունն են Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունները։
Անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողություններին՝ Նորին Սրբությունը նշել է, որ Արցախի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան ու ոտնձգությունները կանխելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության խիստ դատապարտումը։
Նորին Սրբությունը կարևորել է նաև միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի գործընթացում։
Իր հերթին Պիետրո Կուրցիոն ընդգծել է, որ Հայաստանն ու Իտալիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը և այդ առիթով վստահություն է հայտնել, որ հայ-իտալական ջերմ հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն նաև երկու երկրների Վճռաբեկ դատարանների միջև փորձի փոխանակմամբ և համագործակցությամբ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերին։