Պետդուման հավանություն է տվել Դոնեցկը և Լուգանսկը, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին համաձայնագրերի վավերացմանը։ Որոշումն ընդունվել է միաձայն՝ ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նիստին մասնակցել են 450 պատգամավորից 411-ը:
«Եդինայա Ռոսիան» պարզաբանել է, որ պայմանագրերի վավերացումն այս չորս շրջանների տարածքներում մշտապես բնակվող անձանց իրավունք է տալիս ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն «նախատեսված բոլոր իրավունքներով»։ «Որոշումն ընդունվել է միաձայն։ Ռուսաստանի Դաշնությունում 89 սուբյեկտ կա: ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ»,- գրել է Վոլոդինը Telegram-ում։
Սեպտեմբերի 30-ին նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրեր էր ստորագրել Լուգանսկը, Դոնեցկը, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ: Որոշումն ընդունվել է անցկացված հանրաքվեների արդյունքների հիման վրա։ ՌԴ Սահմանադրական դատարանը պայմանագրերը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան: Կրեմլից հայտնել են, որ Դոնեցկը և Լուգանսկը Ռուսաստանի կազմի մեջ կմտնեն 2014 թվականի սահմաններով, իսկ Զապորոժիեի և Խերսոնի շրջանների սահմանները կորոշվեն «բնակչության հետ խորհրդակցելուց» հետո։