Երևանի պետական համալսարանում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «ԱՐՓԱ» հիմնադրամի հայտարարած ամենամյա Նորարարության մրցույթի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Բացման խոսքով հանդես է եկել «ԱՐՓԱ» հիմնադրամի տնօրեն Հակոբ Փանոսյանը։ Նա ներկայացրել է հիմնադրամի հիմնական նպատակները, որոնք ուղղված են զարգացնելու գիտությունը, կրթությունը, առողջապահությունն ու տեխնոլոգիաները։
Մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Դավիթ Սահակյանը շնորհակալություն է հայտնել «ԱՐՓԱ» հիմնադրամին՝ նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ գիտնականներին աջակցելու համար: Նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին, որտեղ հատկապես կարևորվում է գիտական ու նորարարական գաղափարների առկայությունը, ինչպես նաև ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթությանն ուղղված ծրագրերը:
«Մենք խրախուսում և աջակցում ենք այն ընկերություններին, որոնք ստեղծում են այնպիսի նորարար լուծումներ և ծառայություններ, որոնց հիմքում գիտությունն է»,- ասել է Դավիթ Սահակյանը։
Ելույթներից հետո մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են վկայականներ, այնուհետև ներկայացրել են իրենց աշխատանքների թեմաներն ու նորարարական գաղափարները։
Հիմնադրամի կողմից սահմանված մրցանակներին՝ 1-ին տեղի համար 5000, 2-րդ տեղի համար 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, համապատասխանաբար արժանացել են Նարինե Ամիրխանյանը (ՀՀ ԳԱԱ քիմիայի ինստիտուտ) և Սվետլանա Հովհաննիսյանը (ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոն)։