ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,- նշել է նա: Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը կօգտագործի բոլոր առկա միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։
«Բռնության նման գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան՝ ագրեսորի համար հետևանքներով»,- նշել է նա:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՇԱՃ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի զինուժի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայաստանի արտգործնախարարությունը, դատապարտել հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման փաստերը։
«Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ այս և նախորդող ժամանակահատվածների աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է»,- հայտարարել է ԱԳՆ-ն և հավելել, որ միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար։
ԲԱՔՎԻ ԴԵՄ ՆՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է»,- ասված է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանի ֆեյսբուքյան էջում։
Խոսնակը տեղեկացրել է, որ գրասենյակն աշխատում է համապատասխան կառույցների հետ: «Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ»,- նշել է նա:
ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ. ԿԼԱԱՐ
Տեսանյութին Թվիթերի իր էջում անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը. «Տարածվել է ևս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ հայ ռազմագերիներն ակնհայտորեն մահապատժի են ենթարկվում: Եթե ապացուցվի, որ տեսանյութն իրական է, ապա դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՆՈՐ Է. ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանն էլ տեղեկացնում է, որ տեսանյութի իսկությունը պարզել են. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։ Նշվում է, որ փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, այլ տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ։
«Սա ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հերթական պատերազմական հանցագործությունն է, որի աղբյուրը հայատյացության հետևողական քաղաքականությունն է, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ դրսևորվելով կրթական բովանդակությունից սկսած հանրային կյանքի բոլոր ոլորտներում և հենց այդ երկրի նախագահի հայտարարություններում։ Այս արձանագրությունները, ի դեպ, նաև արված են ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի՝ վերջերս Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցում։ Այս տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին»,- տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
ՄԻՊ-ի հաղորդագրությունը եզրափակվում է հետևյալ արձանագրմամբ. «Այսօր ՄԱԿ-ի օրացույցում նշվում է Բռնության դեմ պայքարի օրը, սակայն պատերազմական այս հանցագործությունների վերաբերյալ մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կառույցների ոչ համարժեք արձագանքը, ցավոք, ՄԱԿ-ի օրացույցում միայն նման նոր օրեր լրացնելու ռիսկ է պարունակում»:
Հեղինակ՝ Աննա Զախարյան