Գևորգ Քոչարյան (ՀՀ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ) - Սուրիկ Խաչատրյանը պաշտոնավարման ընթացքում իր և փոխկապակցված անձանց անունով կատարել է մեծածավալ ձեռքբերումներ, ակտիվների ձեռքբերումներ, նաև միլիարդավոր, միլիոնավոր դրամների ծախսեր, որոնք որևէ կերպ համադրելի չեն նրա հայտնի օրինական եկամուտների հետ:
Հակակոռուպցիոն դատարանը 1 ամսից կսկսի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործով քննությունը: Խաչատրյանին ու նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի, դրամական միջոցների օրինականության ստուգումը դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ամենախոշոր ուսումնասիրություններից է: Հայցագինը գերազանցում է 19 մլրդ դրամը: Դատախազ Գևորգ Քոչարյանը նշում է՝ թիվը վերջանական չէ և աճի միտում ունի:
Գևորգ Քոչարյան - Գումարի մեջ ներառված չեն իրավաբանական անձանց արժեքները, որոնք չեն պարզվել, բայց ունենք իրավաբանական անձինք, որոնք ահռելի մեծ կանոնադրական կապիտալներ ունեն, դրանց շուկայական արժեքները բավականին մեծ են լինելու:
Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզը ղեկավարել է 12 տարի` 2004-16 թթ.: Նախկին պաշտոնյան հիմա հետախուզման մեջ է: Դատարան ներկայացված հայցով Խաչատրյանից և փոխկապակցված 8 անձանցից պահանջվում է բռնագանձել 5 անշարժ գույք, տրանսպորտային 3 միջոց: Ներկայացվել է նաև 17,5 մլրդի դրամական պահանջ, որը ներառում է օֆշորային կազմակերպություն փոխանցված 10 միլիարդ դրամ, փոխառություններ: Որպես հայցի նախնական ապահովման միջոց՝ գույքի վրա արգելանք է դրվել: Անձինք հրավիրվել են ծանոթանալու նյութերին: 6 ամիս անց, ըստ Քոչարյանի, դատախազության դիրքորոշումը հերքող փաստեր չեն ներկայացրել:
Գևորգ Քոչարյան - Դա չի բացառում, որ կարող են ներկայացումը դատարանում: 5 անշարժ գույքից 4-ը Երևանում են, 1-ը՝ Սյունիքում: Գույքից 1-ը բնակարան է քաղաքի կենտրոնում, 1-ը հասարակական նշանակության օբյեկտ է, 2-ը նորից քաղաքում՝ Ուլնեցու փողոցի հայտնի գույքերը:
Սյունիքի նախկին մարզպետի ամսական աշխատավարձը 491.356 դրամ է եղել: Տարվա կտրվածքով նրա և ընտանիքի անդամների առավելագույն աշխատավարձերի հանրագումարը՝ մոտ 13 միլիոն դրամ: Մինչդեռ, ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքն ու դրամական միջոցները հասնում են 19 մլրդ դրամի: Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարան՝ նաև Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված 3 անձանցից ընդհանուր 16,8 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույք բռնագանձել հօգուտ պետության:
Նելլի Տեր-Թորոսյան (ՀՀ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - 2022-ի մայիսի 26-ին ներկայացվել է հայցադիմում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի նկատմամբ, որն ընդունվել է վարույթ:
Բեգլարյանից և փոխկապակցված 3 անձանցից բռնագանձման է ենթակա 33 բնակարան Երևանում, տարածքներ, շինություններ, ավտոկայանատեղիներ, որոնցից 11-ը՝ Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացու փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատուն՝ Ազատության պողոտայում, 2 տարածք՝ Թամանյան փողոցում, Երևանի վարչական այլ շրջաններում գտնվող անշարժ գույքեր, Ծաղկաձորում՝ 2, Արարատի մարզում՝ 1 մեկ հողատարածք, մեկ ավտոմեքենա:
Նելլի Տեր-Թորոսյան - Որոնց, հայցի ներկայացման պահի դրությամբ, այս անշարժ և շարժական գույքերի միջին շուկայական արժեքները մոտ 10 մլրդ 705 մլն դրամ: Բռնագանձման ենթակա է 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը, 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ մոտ 1 մլրդ 880 մլն դրամ, ինչպես նաև մոտ 4 մլրդ 464 մլն դրամ որպես ապօրինի գույքի օգտագործումից ստացված եկամտի, ապօրինի գույքի օտարումից ստացված եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար:
Բաձրաստիճան նախկին պաշտոնյայի ամենաբարձր աշխատավարձը եղել է տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցնելիս՝ ամսական 793 հազար դրամ: Մեկ տարվա կտրվածքով Գագիկ Բեգլարյանի և փոխկապակցված 3 անձանց առավելագույն աշխատավարձերի հանրագումարը կազմել է 7 մլն 202 հազար դրամ: Իսկ ենթադրաբար ապօրինի միջոցները՝ մոտ 17 մլրդ դրամ:
Նելլի Տեր-Թորոսյան - Սահմանված ժամկետում շահագրգիռ անձինք դիրքորոշում չեն ներկայացրել, իսկ հայցադիմումի մուտք անելուց հետո ստացված դիրքորոշման բովանդակությունը կազմող տվյալների արժանահավատությունը արդեն քննարկման առարկա կդառնա գործի դատական փուլում:
Բեգլարյանի գործով դատական առաջին նիստը նշանակվել է հոկտեմբերի 21-ին: Գույքը հօգուտ պետության բռնագանձելու որոշումը կայացվում է դատարանում։ Մեկ այլ տարբերակ է հաշտության համաձայնության կնքումը:
Նելլի Տեր-Թորոսյանի խոսքով՝ Բեգլարյանին պարզաբանվել է այդ իրավունքը, սակայն նման ցանկություն նա չի հայտնել: Գագիկ Բեգլարյանի փաստաբան Գոռ Օհանյանից ևս մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ. մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով զբաղվում է 9 դատախազ. յուրաքանչյուր դատախազի վարույթում՝ 40-50 ուսումնասիրություն է: 34 ուսումնասիրությամբ ներկայացվել են հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու դիմումներ: Դրանք դատարանը բավարարել է, գույքի վրա դրվել է արգելանք:
Վարչությունը 2022-ին ստացել է քրեական 48 վարույթ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքով հայտնաբերված տվյալների վերաբերյալ՝ 24 նյութ: Կայացվել է ուսումնասիրություն սկսելու 74 որոշում: Այժմ ուսումնասիրվում է 291 անձին պատկանող գույք:
Դատարան է ներկայացվել 18 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինը 77 միլիարդ 713 միլիոն 572 հազար 224 դրամ է: