ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն «Արմենպրեսի» հարցին ի պատասխան մեկնաբանել է ադրբեջանական Telegram- ալիքներում տարածված տեսանյութը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների:
«Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը:
Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»- ասել է Արամ Թորոսյանը: