Լաբորատոր-գործիքային հետազոտությունների տվյալները միջազգային չափանիշներին համապատասխան էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու հարցերը ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով կայացած հանդիպման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն անդրադարձել է գործիքակազմի կարևորությանն ու ժամանակակից մոտեցումներին համահունչ քայլելու անհրաժեշտությանը:
Թե՛ մասնավոր և թե՛ պետական բժշկական կենտրոնների ենթակայության, թե՛ մասնավոր լաբորատորիաների կողմից կատարվող հետազոտություններն ինտեգրելով ԱՐՄԵԴ համակարգ՝ պացիենտները հնարավորություն կունենան տեսնել իրենց հետազոտությունների արդյունքներն առցանց, ինչը հասանելի կլինի տարբեր կենտրոններում բուժօգնություն ստանալիս: Միաժամանակ, ապանձնավորված թվային տվյալները բազա կլինեն հիվանդությունների ճիշտ վերլուծության և բուժման գործընթացի հստակ կազմակերպման առումով:
Գործընկերները պայմանավորվել են ևս մեկ անգամ ճշգրտել թվայնացման ենթակա 15000-ից ավելի հետազոտությունների կոդերը, լաբորատոր-գործիքային հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների հետ կրկին քննարկել մանրամասները, ներդրման ժամկետները: