Շուրջ 3 տարի է՝ Պտղունքի երեխաները դպրոց են գնում հարևան բնակավայրում. գյուղի դպրոցի շենքը քանդել, տեղում նորն են կառուցում: Քիչ է մնացել. մինչև տարեվերջ շինարարությունը կավարտվի: Շենքն ավելի շուտ կշահագործվեր, եթե քովիդը չխանգարեր: Նոր շենքն ունի 21-րդ դարի դպրոցի բոլոր հարմարությունները:
Կարապետ Արթենյան (Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ) - Շատ ժամանակակից է՝ բոլոր պահանջներին բավարարող. մի երեխայի համար 2 ք. մ տարածք է տրամադրվում, այսինքն՝ մի դասարանում կարող է սովորել ոչ թե 20, այլ ավելի երեխա:
Շենքը կառուցվում է Ասիական զարգացման բանկի «Դպրոցների սեյսմակայունության բարձրացման» ծրագրով: Ներդրվել է ավելի քան 900 մլն դրամ: Բետոնե լիցքով 7 մետրանոց հիմքն ու ամուր պատերը, մասնագետների ասելով, կդիմանան 10 բալ երկրաշարժին: Ամուր կառույց ունենալու համար կարևորում են յուրաքանչյուր մանրուք:
Սամվել Հակոբյան (շինարարության տեխնիկական հսկիչ) - Այն, ինչ նախագծով նախատեսված է, բաց եթե տեսնում ենք՝ թերություններ կան, որ հետագայում ի հայտ կգան, վերանայում, փոխում ենք:
Մեծ ու լուսավոր են ոչ միայն դասասենյակներն ու միջանցքները, այլև լաբորատորիաները: Քիմիայի լաբորատորիայում նաև ծորակներ կլինեն՝ ներկառուցված սեղանների մեջ: Հաշմանդամություն ունեցողները կօգտվեն վերելակից: Դպրոցը կունենա մեծ գրադարան, հանգստի սենյակ՝ տարրական դասարանների համար, մարզադաշտ ու մարզադահլիճ, ջեռուցման, օդափոխության և անվտանգության համակարգեր: Ծառերի ու սիզամարգերի համար էլ ջրհոր են բացել:
Կարապետ Արթենյա - Բակը բարեկարգվելու է, լինելու են կանաչ գոտիներ, հին մասնաշենքը կքանդվի, ամբողջը կլասիկապատվի, ծառեր, գազոններ և ճանապարհ է կառուցվելու:
Շինարարները ձգտում են շենքը շահագործման հանձնել օր առաջ: Արագությունը, սակայն, որակի հաշվին չէ:
Կարապետ Արթենյա - 2 մմ-ից մինչև 5 մմ ենք կպցնում, ավել չի կարելի, հետո կպցնում ենք վինիլային հատակը:
Գագիկ Սարգսյան (շինարարական աշխատանքների ղեկավար) - Ավարտական փուլում ենք, հարդարման աշխատանքներն են, լատեքսային ներկով աշխատանքներն ենք սկսելու, վաղ-մյուս օրը կսկսենք:
Գեղեցիկ ու հարմարավետ դպրոցում սովորել ցանկացողների թիվն ավելացել է: Սաների թիվն աճել է՝ 101-ից հասնելով 158-ի: Առաջին դասարանցիների թիվը ևս մեծացել է: Նախկին առավելագույնը 15-ի փոխարեն հիմա 27-ն են: Դպրոցականների անվտանգ տեղաշարժի մասին ևս մտածել են. Կառավարությունը որոշել է մայրուղու վրա վերգետնյա անցում կառուցել, որ ճանապարհի աջ ու ձախ կողմերում սփռված գյուղից երեխաները դպրոց հասնեն առանց խոչընդոտների: Կասֆալտապատեն նաև մայրուղուց մինչև դպրոց տանող ճանապարհը: