ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԲԱՆԱԿԸ ՄՏԵԼ Է ԿՐԱՍՆԻ ԼԻՄԱՆ ՔԱՂԱՔ
Շրջափակման սպառնալիքի պատճառով դաշնակցային ուժերը լքել են Դոնեցկի Կրասնի Լիման քաղաքն ու հետ քաշվել դեպի առավել շահավետ բնագծեր, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Հակառակորդը կորուստներ է կրել, սակայն ուժերի և միջոցների զգալի առավելություն ունի: Նրանք ուժեր են կենտրոնացրել և շարունակել հարձակողական գործողությունն այդ ուղղությամբ»,- հավելել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում։
Կիևը հաստատել է՝ ուկրաինական ուժերը մտել են Լիման, մարտերը շարունակվում են: Քաղաքի հարակից հինգ բնակավայր նույնպես անցել է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մարտի դաշտում Ուկրաինան շոշափելի արդյունքների է հասնում: Նա հայտնել է, որ Դոնեցկի Յամպոլ բնակավայրը նույնպես անցել է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ:
ՆԱՏՕ-Ի ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՌԱՋ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Դաշինքին միանալու՝ Կիևի նախաձեռնությանը. «Կառույցի դռները բաց են Ուկրաինայի առաջ, սակայն այժմ մեր ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է այդ երկրի տարածքը լայնածավալ ներխուժումից պաշտպանելու վրա»:
Ենս Ստոլտենբերգը հավելել է՝ Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես ինքնիշխան երկիր, եթե դադարեցնի պայքարը։ Նա նաև հավատացրել է, որ ՆԱՏՕ-ն Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը երբեք չի ճանաչի որպես Ռուսաստանի մաս:
ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով միանալու՝ Կիևի դիմումը նման է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական հակամարտության մեջ մտնելու հրավերի, հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նա զգուշացրել է՝ այժմ Կիևը մեկ տարբերակ ունի՝ վայր դնել զենքն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Նախօրեին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ ստորագրել է ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով Ուկրաինայի միանալու դիմումը։ Նրա համոզմամբ՝ Կիևը փաստացի դաշինքի անդամ է, «դե ֆակտո անցել է դեպի Դաշինք իր ճանապարհը» և լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան կվերադարձնի, իր բնորոշմամբ, «օկուպացված» տարածքները: Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ, սակայն ոչ` Վլադիմիր Պուտինի նախագահության ընթացքում:
ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀՈՍՔԸ ԴԵՊԻ ՂԱԶԱԽՍՏԱՆ ՍԿՍԵԼ Է ՆՎԱԶԵԼ
Ղազախստան-Ռուսաստան սահմանին կուտակումների պատճառով հանրապետության քաղաքացիների համար այլընտրանքային ճանապարհներ են առանձնացվել, հայտնել են Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Ղազախստանի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ից 28-ը Ռուսաստանից միգրանտների մեծ հոսք է գրանցվել, որը վերջին երկու օրվա ընթացքում աստիճանաբար պակասում է: Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանից Ղազախստան է անցել 22,500, իսկ սեպտեմբերի 30-ին` մոտ 15.000 ռուսաստանցի:
Ավելի վաղ, Աստրախանի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ որոշում է կայացվել ռուս-ղազախական սահմանի Կարաուզեկ անցակետում մոբիլիզացիայի ժամանակավոր կետ տեղադրել, քանի որ մի քանի կիլոմետրանոց խցանման մեջ զորակոչի ենթակա տղամարդիկ կան։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԴԵՊԻ ԵՄ ԳԱԶԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Ադրբեջանի իշխանությունները գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում Հարավային գազային միջանցքի ընդլայնման վերաբերյալ, հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Սոֆիայում` Հունաստան-Բուլղարիա գազատարի գործարկմանը նվիրված արարողության ժամանակ։
«Քննարկումներ ենք սկսել գործընկերների հետ Անդրանատոլիական գազատարի թողունակությունը տարեկան 16-ից 32 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու հարցով, Անդրադրիատիկ գազամուղի թողունակությունն էլ պետք է 10-ից հասցվի 20 միլիարդ խորանարդ մետրի: Առանց այս գործընթացների դժվար կլինի լրացուցիչ գազ մատակարարել Եվրոպա»,- ընդգծել է Ալիևը։
Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարն այսօր պաշտոնապես շահագործման է հանձնվել։ Նախատեսվում է, որ նոր գազատարի միջոցով Բուլղարիան Ադրբեջանից տարեկան 1 մլրդ խորանարդ մետր գազ կստանա, ինչպես նաև հեղուկ գազ՝ Հունաստանից։