Արարատյան դաշտի խաղողի այգիներում ակտիվ բերքահավաքի շրջան է: Եթե անցած տարի խաղաղագործները դժգոհում էին, որ գործարանները բերքը չեն մթերում, ու ճանապարհներ էին փակում, այս տարի այդ խնդիրը չկա:
Ահարոն Սարգսյան (խաղողագործ) - Դե, գործարանները դեռևս աշխատում են:
Պայմանագրեր ունեն, բայց, ինչպես և անցած տարիներին, ֆերմերների խնդիրը մթերվող խաղողի կիլոգրամի դիմաց ցածր գինն է:
Ահարոն Սարգսյան - Մինիմալ-մաքսիմալ գինն ա գրած՝ 100-ից 120 դրամ: Իհարկե, քիչ ա հաստատ, իրա ծախսերը չի հանում, գոնե ամենաքիչը մի 150 դրամ պիտի լինի, որ իրա ծախսերը հանի:
Արարատի գինու գործարանում կիլոգրամի դիմաց վճարում են 120-130 դրամ՝ կախված խաղողի որակից, ասում է գործարանի սեփականատերը: Արդեն երկու շաբաթ է, ինչ մթերումը սկսել են: Շուրջ 2000 այգեգործի հետ արդեն 16 հազար տոննայի պայմանագիր են կնքել: Հիմա որոշել են ուշացած ու պայմանագիր չկնքած ևս 300 այգեգործի հետ մոտ 6 հազար տոննայի նոր պայմանագիր կնքել: Կառավարությունն այդ հնարավորությունը տվել է՝ ասում է ձեռնարկատերը:
Արմեն Սարգսյան (Արարատի գինու գործարանի սեփականատեր) - Խնդիրը ոչ այնքան տեխնիկական է՝ կապված ազատ տարածքների կամ տարաների հետ, որքան՝ ֆինանսական միջոցների: Մեր ապրանքի իրացումը և այդ իրացումից ստացված գումարները, էլ չեմ ասում ռուբլի դրամ փոխարժեքի տարբերությունը:
Արդեն մի քանի տարի է՝ օգտվում են մթերված խաղողի դիմաց վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման պետական ծրագրից: Պետությունն աջակցում է նաև մթերվող խաղողի դիմաց 50 տոկոսի չափով բանկային երաշխիք տրամադրելով: Մինչև տասը տոննա խաղող ունեցողների գումարը վճարում են տեղում ու միանգամից: 10-ից ավելիի դեպքում գործում է տարաժամկետ վճարման պայմանը:
Արմեն Սարգսյան - 10 տոննայից և ավելը 50 տոկոս վճարում ենք իրականացնելու, մնացածը՝ մնացած ամիսներին: Իսկ մեկ ռեյսի պայմաններում մինչև 10 տոնան՝ 100 տոկոս:
Մթերման գործընթացն ավելի արդյունավետ կլինի, եթե պետական սուբսիդավորումը տրամադրվի ոչ թե բանկի միջոցով գործարանին, այլ անմիջապես ֆերմերին, ասում է ձեռնարկատերը:
Արմեն Սարգսյան - Պետության ներկայացուցիչը կա՛մ տեղական ինքնակառավարման միջոցով, կա՛մ չգիտեմ՝ գործարանի միջոցով, տվյալ սորտից ելնելով, պետք ա սուբսիդավորվի, որը, իմ կարծիքով, պետք ա համապատասխանեցվի տվյալ խաղողի աճեցման ինքնարժեքին: Բնական ա՝ տարբեր շրջաններում դա կարող է լինել տարբեր: Ինչ ա սա տալու. որ գյուղացին ինքը ապահովագրված կլինի հաջորդ տարի այդ գումարը ստանալով վերաարտադրվելու, անկախ՝ թե որ գործարանը դա կընդունի:
Գործարարը վստահ է՝ այս դեպքում մթերման շրջանում գինու գործարանները կսկսեն մրցակցել: