ՆԱՏՕ-Ի ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՌԱՋ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ի քարտուղարն արձագանքել է Դաշինքին միանալու՝ Կիևի նախաձեռնությանը: Կառույցի դռները բաց են Ուկրաինայի առաջ, սակայն այժմ մեր ուշադրությունը կենտրոնացած է այդ երկրի տարածքը լայնածավալ ներխուժումից պաշտպանելու ուղղությամբ:
Ենս Ստոլտենբերգը նաև հիշեցրել է՝ ՆԱՏՕ նոր անդամ ընդունելու հստակ ընթացակարգ կա, այդ որոշումը կայացնում են դաշինքի 30 անդամները։ «ՆԱՏՕ-ն Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը երբեք չի ճանաչի որպես Ռուսաստանի մաս»,- ընդգծել է պաշտոնյան: Նա հավելել է՝ Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես ինքնիշխան երկիր, եթե դադարեցնի պայքարը։
ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով միանալու Կիևի դիմումը նման է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական հակամարտության մեջ մտնելու հրավերի՝ հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նա զգուշացրել է՝ այժմ Կիևը մեկ տարբերակ ունի՝ վայր դնել զենքն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Նախօրեին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ ստորագրել է ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով Ուկրաինայի միանալու դիմումը։ Նրա համոզմամբ՝ Կիևը փաստացի դաշինքի անդամ է, «դե ֆակտո անցել է դեպի Դաշինք իր ճանապարհը» և լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Որոշումը կայացվել էր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստին, որն անցկացվել է՝ Կրեմլում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկելու համաձայնագրերի ստորագրման ֆոնին:
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան կվերադարձնի իր բնորոշմամբ՝ օկուպացված տարածքները: Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ, սակայն ոչ Վլադիմիր Պուտինի նախագահության ընթացքում:
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԸ ՀԱՄԱՐԵԼ Է ԲՌՆԱԿՑՈՒՄ ՌԴ ԿՈՂՄԻՑ
Թուրքիան չի կարող ընդունել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի որոշումը՝ ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Անկարան չի ճանաչել նաև Ղրիմի բռնակցումը: Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Ռուսաստանի կողմից Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի բռնակցումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և չի կարող ճանաչվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից համոզմունք են հայտնել՝ պատերազմը պետք է դադարեցվի բանակցությունների միջոցով, արդար խաղաղության հիման վրա։
ՌԴ-Ն ՄԱԿ ԱԽ-ՈՒՄ ՎԵՏՈ Է ԿԻՐԱՌԵԼ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է կիրառել Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում Ռւոսաստանին միանալու հարցով անցկացված հանրաքվեները դատապարտող բանաձևի նախագծի նկատմամբ: Նախաձեռնությամբ հանդես էր եկել ամերիկյան կողմը:
Բանաձևին կողմ են քվեարկել Ալբանիան, Մեծ Բրիտանիան, Գանան, Իռլանդիան, Քենիան, Մեքսիկան, Նորվեգիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Բրազիլիան, Գաբոնը, Հնդկաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել:
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը, այնուհանդերձ, հայտարարել է, որ Պեկինը հանդես է գալիս պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի և անվտանգային հարցերում բոլոր կողմերի օրինական մտահոգությունները հաշվի առնելու օգտին: Նա կոչ է արել վերսկսել բանակցությունները:
ՌԴ-ՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2022 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը աշնանային հերթական զորակոչի մասին։ Կզորակոչվի 120 հազար ռուսաստանցի: Այսպիսով, այս տարի աշնանային զորակոչը կմեկնարկի սովորականից մեկ ամիս ուշ։ Երկրի Գլխավոր շտաբում պարզաբանել են, որ զորակոչիկներն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը չեն ներգրավվի, երկրում հայտարարված մասնակի զորահավաքը նրանց վրա նույնպես չի տարածվում։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Այս տարի չեղարկվում է Ուկրաինայի Զինված ուժերում աշնանային զորակոչը և հետաձգվում զորացրումը։ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն զորակոչի մասին համապատասխան փաստաթղթից բացառվում են դրույթները, որոնք նախատեսում էին ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչը։