Արցախի պատվիրակությունը՝ արտգործնախարար Բաբայանի գլխավորությամբ, Կալիֆոռնիա այցի ավարտին հյուրընկալվեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում։
Հայազգի գործիչ Փոլ Կրեկորյանը գործընկերներին համառոտ ներկայացրեց Արցախի Հանրապետության անցած ճանապարհն ու վերջին իրադարձությունները։ Քաղաքային խորհրդի անդամները ելույթներում աջակցություն հայտնեցին Արցախի ժողովրդին, որը անկախության հռչակման առաջին օրից պայքարում է հանուն ժողովրդավարության, ազատության ու ինքնիշխանության։
Փոլ Կրեկորյան (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Առաջին օրից Արցախը գտնվում է Ադրբեջանի արյունարբու իշխանության մշտական ռազմական սպառնալիքի, ցեղասպանության վտանգի տակ։ Դա արեց համավարակի օրերին՝ հարձակվելով Արցախի վրա, դա է անում մինչև այսօր՝ շարունակելով հարձակումներն ու բռնության սպառնալիքները՝ այժմ նաև Հայաստանի նկատմամբ։ Կարևոր է, որ Լոս Անջելեսի քաղխորհրդի նման կառույցը երևույթները կոչի իրենց անուններով: Կարևոր է ասել, որ Ադրբեջանը դաժան, զավթողական բռնապետություն է, որի ցեղասպանական գործողություննները պետք է կասեցվեն Արևմուտքի կողմից։
Միջոցառման մասնակիցների խոսքով՝ Արցախը պայքարում է այն նույն արժեքների համար, որոնց վրա կառուցվել է ԱՄՆ-ը։
Փոլ Կրեկորյան - Ինձ համար՝ որպես հայի, շատ կարևոր է Արցախի թեման, բայց դրանից ավելի կարևոր է իմ նվիրվածությունն Արցախին՝ որպես ամերիկացու: Ուրախ եմ, որ իմ գործընկերներն աջակցում են Արցախին, որը շարունակական պատմական քաջ պայքարի մեջ է ժողովրդավարության, ազատության ու ինքնորոշման համար. արժեքներ, որոնք կարևոր են ամերիկացիների համար։
Միթչ Օ'ֆարել (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Կարևոր է, որ Լոս Անջելեսը կանգնի ժողովրդավար Արցախի կողքին ոչ միայն որ մեծ հայկական համայնք ունի, այլև՝ ժողովրդավարության դիրքերից։ Այս ուղերձը պետք է տարածել և մեր կառավարությանը ստիպել, որ դադարեցնի օգնությունն Ադրբեջանին, իսկ ժողովրդավարական երկրները մերժեն ու երես թեքեն այդ երկրի մարդասպան կառավարությունից։
Փոլ Քորեց (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Բռնություններին պետք է վերջ դրվի: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ամեն տեսակի աջակցությունն Ադրբեջանին՝ բոլոր մեթոդներով, և նրանք սարսափելի բռնությունների համար պետք է հանձնվեն միջազգային դատարանի դատին։ Այսօր մենք այս ուղերձն ենք հղում ԱՄՆ՝ մեծությամբ երկրորդ քաղաքից՝ հաստատակամորեն աջակցելով Արցախին ու Հայաստանին։
Ելույթներից հետո միջոցառումը շարունակվեց առավել անմիջական մթնոլորտում։
Դավիթ Բաբայան (Արցախի ԱԳ նախարար) - Ցանկացած նման այց դիտարկում եմ Սփյուռքի հետ շփումները խորացնելու համար։ Երկրորդը ամերիկյան պաշտոնական հասարակական, քաղաքական, վերլուծական կենտրոնների շրջանակների հանդիպումներն էին. կարևոր էին, որ ճիշտ պատկերացնենք աշխարհաքաղաքական զարգացումները, ռեալ մոտեցումները, ծրագրերը։
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդին հյուրընկալվելուց առաջ Արցախի արտգործնախարարն այցելել էր նաև Լոս Անջելեսի մարզի կառավարիչ խորհուրդ, որտեղ կառավարիչ Քեթրին Բարգերից ստացել էր խորհրդի անդամների ստորագրությունը կրող գնահատանքի հավաստագիր։
Հատկանշական է, որ ավելի վաղ կառավարիչների խորհրդի անունից նման մի հավաստագիր ուղարկվել էր Լոս Անջելեսում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաևին՝ պաշտոնավարումն ավարտելու կապակցությամբ։ Կառավարիչները, սակայն, Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետ են վերցրել ստորագրությունները։
Նորա Հովսեփյան (Հայ դատի հանձնախմբի ԱՄՆ արևմտյան շրջանի ատենապետ) - Երբ իմացան սուպերվայզերները, բողոքի ձայն բարձրացրին և անհամաձայնություն հայտնեցին և հետ կանչեցին ստորագրությունները և Նասիմին ասացին, որ իրավունք չունի որևէ ձևով խոսել այդ մասին, քանի որ քաունթին իրեն նեցուկ չեն կանգնում:
ԱՊՐԻԼԻ 24-Ը՝ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Լոս Անջելեսում Արցախի պատվիրակության ընդունելության ընթացքում հայտնի դարձավ, որ Կալիֆոռնիայի նահանագապետ Գևին Նյուսոմը ստորագրել է նահանգային խորհրդարանի օրինագիծը, որով ապրիլի 24-ը Կալիֆոռնիայում հռչակվեց Ցեղասպանության հիշատակի օր։ Հեղինակը նահանգային խորհրդարանական Ադրին Նազարյանն է։
Ադրին Նազարյան (Կալիֆոռնիայի խորհրդարանի անդամ) - Դա նշանակում է, որ հիմա Կալիֆոռնիան բոլոր ցեղասպանություների՝ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանությունների զոհերի հիշատակը ոգեկոչվելու է ապրիլի քսանչորսին, և այդ օրը լինելու է ոչ աշխատանքային:
Նորա Հովսեփյան - Նահանգում չէինք փորձել դեռ, բայց տարբեր քաղաքների, օրինակ՝ Գլենդեյլի կամ Լոս Անջելեսի դպրոցների խորհուրդները, արդեն նման որոշում ունեին, բայց նահանգն առաջին անգամ է։
Ամերիկահայ լոբբիստների խոսքով՝ նոր օրինագիծը ևս մեկ հնարավորություն է՝ հայկական օրակարգն ամերիկյան հասարակությանն ու համայնքի երիտասարդներին խորությամբ ներկայացնելու համար։