Արշավախմբի ղեկավարը ցույց է տալիս Ամբերդ ամրոց պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող աշխատանքը: Կառավարության որոշմամբ սկսվել է դղյակի տարածքի մաքրման, քանդված պատերի հիմքերի բացման աշխատանքները: Վերջին տարիներին պատերից քարաթափումներն ակտիվացել են:
Արտավազդ Զաքյան (արշավախմբի ղեկավար) - Ըստ էության, մուտքց ձախ և՛ պատերը չկան, և՛ անհրաժեշտություն է առաջացել էս պատերը գտնել և մասամբ վերականգնել, կարծես թե գտանք, ի վերջո, ծանր աշխատանքից հետո, որոնք նստած են հենց ժայռի վրա:
Մաքրման աշխատանքներն իրականացվում են Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության միջոցներով, զուգահեռ բացվել է նաև պալատական 4-րդ սենյակը: Համալիրի ավերակների, դղյակի լուսամուտների ուսումնասիրություններից հնագետների եզրահանգումն է՝ պալատական համալիրը եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով, որը բազմիցս վերակառուցվել, ամրացվել է: Վերջին աշխատանքները նախորդ դարի 60-ականներին էին:
Արտավազդ Զաքյան - Հողի հեռացման ժամանակ պատի հենց տակը հայտնաբերվեցին ինսիտու վիճակում երեք կարասներ և խեցեղեն և մեծ քանակությամբ հրդեհի մնացորդներ: Սա, ըստ էության, սենյակներից մեկն է, որովհետև տրամաբանական էր, կար երեք սենյակ, և սա չորրորդն է, ներքևի հարկում տնտեսական շինություններն էին:
Պատերի հիմքերի մաքրումից հետո արդեն հաջորդ տարվա ծրագրով նախատեսված է ամրակայում: Այս պահին նախագծանախահաշվային աշխատանքներ են ընթանում: Գլխավոր նպատակը ամրոց-արգելոցը հրատապ ամրակայելը, պատմական տեսքով ամրացնել-պահպանելն է, այնուհետև վերականգնման աշխատանքներ կլինեն:
Հարություն Վանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Ճարտարապետների և նախագծողների կողմից տարվա ավարտին արդեն կունենանք հրատապ միջամտության ամրակայման հատվածների պատկերը: Գումարը պարզ կլինի նախագծանախահաշվային աշխատանքներից հետո, այնուհետև փորձաքննություն կլինի:
Ամբերդ ամրոց արգելոցի տարածքում աշխատանքները մեկնարկել են երկու շաբաթ առաջ, կշարունակվեն այնքան, քանի դեռ եղանակային պայմանները բարենպաստ են: Տեղացիների համար սա և՛ աշխատանք է, և՛ հայրենի պատմության ուսումնասիրություն:
Հայաստանի տուրիստական այցեքարտերից մեկը եղանակային բարդ պայմանների պատճառով ամբողջ տարին չի աշխատում: Հուշարձանը բաց է մայիսի 1-ից նոյեմբերի սկիզբ: Այս տարի արդեն 30 000 այցելու է ունեցել:
Խաչիկ Վարդանյան («Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարիչ) - Թե՛ տեղացիներ, թե՛ արտասահմանցիներ և մենք ակնկալում ենք, որ ամրակայումից հետո հուշարձանը էլ ավելի գրավիչ կլինի և թույլ կտա հուշարձանը նորովի ներկայացնել՝ նոր գրավչությամբ:
Ոչ միայն Ամբերդը, այլև Լոռի Բերդը, Տավուշ ամրոցը, հանրապետության մյուս հուշարձանները ավելի գրավիչ դարձնելու համար Կրթության նախարարությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ քննարկում է արգելոց թանգարանների կառավարման համակարգերի ներդրման հարցը: