ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀ
Հոկտեմբերի 2-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը պաշտոնապես կսկսվեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները՝ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է՝ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչումը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հիմքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման: Սա մի կոմպոնենտն է խաղաղության պայմանագրի... Մինչև հիմա Ադրբեջանից արձագանք չկա, որ, այո, մենք համաձայն ենք, որ այդ հենքի վրա ստորագրենք խաղաղության համաձայնագիր:
Փաշինյանի խոսքով՝ հաջորդ կոմպոնենտն այն է, որ սահմանից զորքերը պետք է հետ քաշվեն, և սահմանային անվտանգության երաշխավորման մեխանիզմ գործի, բացի դրանից՝ միջազգային դիտորդական մեխանիզմ պետք է լինի, որը կապահովի սահմանային անվտանգության միջազգային երաշխավորությունը:
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՅՈՒՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Ինչ վերաբերում է սահմանային ներկայիս վիճակին՝ երկրի ղեկավարն ընդգծեց՝ լարվածությունը կայուն պահպանվում է, և Ադրբեջանի կողմից նոր սադրանքները բացառված չեն, Հայաստանն անհրաժեշտ բոլոր ուղղություններով աշխատանք է տանում իր անվտանգությունն ապահովելու համար: Իսկ թե ինչու է Ադրբեջանը հենց այս օրերին սադրանքի դիմել՝ վարչապետն ասաց.
Նիկոլ Փաշինյան - Հատկանշական է 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանի ընտրությունը. քովիդի շրջանն էր, երբ ամբողջ միջազգային հանրությունը կենտրոնացած էր համավարակի, դրանից բխող ներքին խնդիրների վրա: Հիմա էլ նույն իրավիճակն է ամբողջ աշխարհում, որովհետև Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրավիճակի բերումով նաև երկրներն առաջիկա ձմռան նախապատրաստության առումով կենտրոնացած են այդ խնդիրների վրա: Գուցե էներգետիկ բաղադրիչի կարևորության ավելացումն ունի որոշակի դերակատարում, որ Ադրբեջանի դիրքորոշումները դարձնում են ավելի ագրեսիվ:
ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու վերջին էսկալացիայից 15 օր անց դեռ չեն հրապարակվել զոհերի ցուցակները:
Նիկոլ Փաշինյան - Եկել ենք եզրակացության, որ ճիշտ է մեր նահատակների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են այնտեղ: 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունները նույնպես հրապարակվել են այնտեղ, և մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը: Բայց զոհերի ցուցակը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա, որովհետև, բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են: Կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն: Նախկին փորձը հաշվի առնելով՝ գիտենք, որ, ցավոք, դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել: Նույնիսկ եղել է դեպք, երբ հարազատները ճանաչել են վիզուալ, բայց հետո ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել»:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆՔ ԽՈՒՍԱՓԵԼ ՈՒ ՉԵՆՔ ԽՈՒՍԱՓՈՒՄ
Իշխանությունը պատասխանատվությունից չի խուսափել և չի խուսափում: Անդրադառնալով նախկին նախագահների և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ կոնսոլիդացիայի առաջարկին՝ ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ բանակցային գործընթացին բավականին լայն շրջանակ է տեղյակ:
Նիկոլ Փաշինյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ըստ էության, ամբողջությամբ տեղյակ է, անվտանգության խորհուրդը ամբողջությամբ տեղյակ է, ավելին ասեմ՝ ԼՂ իշխանությունները ամբողջությամբ տեղյակ են... Ուզում եմ ընդգծել՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, համապատասխանաբար, երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև ես այդ տեղեկատվությամբ կիսվում եմ նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:
Երկրի ղեկավարն ընդգծեց՝ եթե կան քաղաքական ուժեր, որոնք կցանկանան իրենց ներդրումն ունենալ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործում, տեղեկությունը փակ չէ այդ ուժերի համար, փակ է ֆորմատի առումով: Երկրորդ նախագահի՝ բանակցողին փոխելու առաջարկին ի պատասխան՝ վարչապետը նշեց՝ Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցողի ֆիգուրը 1998 թվականին աղետալի կերպով փոխել է իրավիճակը:
ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ, ԱՐՑԱԽ-ԱԴՐԲԵՋԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄ
Նիկոլ Փաշինյան - Եթե ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս չմնար, կամ, եթե պետք ա դուրս մնացող լիներ էն ժամանակ, ոչ թե ԼՂ-ն դուրս մնար, այլ ՀՀ-ն, հիմա ԼՂ հիմնախնդիրը լուծված կլիներ: Իհարկե, բանակցողի դերը շատ կարևոր է, և այդ բանակցողի դերակատարմամբ էր, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ ըստ էության, ՀՀ բանակցողները զրոյացրին 1991 թ. անկախության հանրաքվեն, զրոյացրին 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունած ՀՀ Անկախության հռչակագիրը»:
Դիտարկմանը՝ արդյոք շարժվո՞ւմ ենք Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան գործընթացների առանձնացման ճանապարհով, վարչապետն արձագանքեց՝ եկել են եզրակացության, որ օբյեկտիվորեն ճիշտ ընթացքը դա է:
Նիկոլ Փաշինյան - Ինձ համար շատ դժվար է, միշտ էլ դժվար է եղել: Արցախի ժողովրդի համար էլ, ամեն անգամ, երբ բանակցային փուլ է սկսվում, այնտեղ լարվածություն է առաջանում`«մեր թիկունքի հետևում գործարք է տեղի ունենում», թեպետ ասել ենք՝ Արցախի թիկունքում երբեք բան չենք անի: Այո՛, երբեմն Ադրբեջանն ասում է` մենք չենք ուզում Հայաստանի հետ Արցախի հարց քննարկել, և սա նոր դիրքորոշում չէ Ադրբեջանի համար, մենք էլ ասում ենք` շատ լավ, եթե կա այդ լարվածությունը, քննարկեք Ղարաբաղի հետ, և կարծես այս մոտեցումը ԼՂ-ի համար էլ կարող է լինել ընկալելի:
ՉԵԽԻԱՅՈՒՄ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառմանն արդյոք Փաշինյան-Էրդողան հանդիպում կլինի՞: Այս հարցի պատասխանը դեռևս հստակ չէ:
Նիկոլ Փաշինյան - Դա կախված է մի քանի հանգամանքից, այդ թվում՝ ոչ միայն մեր ուղղակի հարաբերությունների հանգամանքներից: ԵՄ-ի կողմից կազմակերպվող՝ ավելի լայն միջոցառում, որտեղ հրավիրված ենք, ենթադրում եմ՝ Թուրքիան էլ է հրավիրված, մենք էլ: Մենք պետք է որոշում կայացնենք այդ գագաթնաժողովին մասնակցելու և ինչ մակարդակով մասնակցելու վերաբերյալ: Երկրորդ խնդիրն է` հանդիպումը կկայանա՞, թե՞ չի կայանա: Դա երկրորդ խնդիրն է, ես Պրահա մեկնելու որոշում ունեմ:
ՓԵԼՈՍԻԻ ԱՅՑԸ ՀՀ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼ ԷՐ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան որևէ երկրի դեմ չէ՝ հայտարարեց վարչապետը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե որոշ շրջանակներ այցը ընկալել են որպես Հայաստանի ցանկություն՝ փոխել արտաքին քաղաքական կուրսը:
Նիկոլ Փաշինյան - Արդյոք քննարկվե՞լ է մեր հանդիպումներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ակտիվացման հարցը: Այո՛, իհարկե քննարկվել է: Ուզում եմ հիշեցնել, որ 2019-ից Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն է սկսվել, սա չպետք է ընկալել որպես առանձին վերցրած իրադարձություն, բայց, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ շատ կարևոր ու շատ մեծ իրադարձություն էր: Ինչո՞ւ. որովհետև Նենսի Փելոսին երբևէ Հայաստան այցելած Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Այցը ոչ թե տարածաշրջանային էր, այլ հատկապես այց էր Հայաստան, և ասվեց, որ դա նաև գնահատանք է Հայաստանի ժողովրդավարությանը: Բայց ես չէի ուզենա այդ այցին հակառուսական կոնտեքստ տանք, որովհետև այդ այցը հակառուսական չի եղել, այդ այցը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ: Եվ, այո՛, չպետք է թերագնահատել այդ քայլը:
ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Հայաստանը նաև Իրանի հետ է սերտ գործակցում՝ հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև հնդկական մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, թե Հայաստանը Հնդկաստանից զենք է գնել:
Նիկոլ Փաշինյան - Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որ ես կուզենայի հրապարակային քննարկել: Բայց այն հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել: Որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել: Ուզում եմ, որ մեր հանրությունն իմանա՝ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Դա հեշտ գործ չէ: Մարդիկ կան, որ հարցազրույցներ են տալիս, ասում են՝ մենք սա արեցինք, այն արեցինք, ես կուզեի, որ մենք մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման հետ: 60-ականների, 80-ականների զենքերի ներկրումը սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման հետ պետք չէ շփոթել:
Հայաստանի բանակում ո՛չ բահի, ո՛չ կոշիկի, ո՛չ նույնիսկ տրակտորի ու էքսկավատորի խնդիր չկա՝ ընդգծեց վարչապետը՝ նշելով, որ ՊՆ-ում փակ հանդիպման ժամանակ է արձանագրել դա: Ավելին՝ հսկայական ինժեներական աշխատանք է կատարվել:
Նիկոլ Փաշինյան - Սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ մեր բանակն ամուր կանգնել է երկրի պաշտպանության դիրքերում: Այլ բան, որ ուժերն անհավասար են եղել: Այսօր ես չեմ ասում, որ մեր բանակն ամենալավ, մեր երազած վիճակում է: Այնքան պրոբլեմներ կան մեր բանակում, բայց երբեմն տպավորություններն այնպիսին են, որ ՊՆ-ն բանակի մասին ամենաքիչ մտածող և ամենաքիչ տեղեկացված մարմինն է: Ի՞նչ է նշանակում, որ փողոցում ինչ-որ բան են հավաքում. ես հանձնարարել եմ, որ ճշտեն, հասկանանք՝ ում համար են հավաքում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությա՞նն է նկատի ունեցել, երբ հայտարարել է, թե մեր դաշնակիցներից մեկին հարյուրավոր միլիոն դոլարներ ենք վճարել սպառազինության մատակարարման համար, սակայն այն տեղի չի ունեցել, Փաշինյանն ասաց, եթե հարկ համարեր՝ երկրի անունը հիշատակելու՝ կաներ:
ԱՐԴՅՈՔ ՀՀ-Ն ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ ՀԱՊԿ-ԻՑ
Վերջին իրադարձությունների ֆոնին Հայաստանը պատրաստվո՞ւմ է արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալ: Վարչապետի խոսքով՝ ՀԱՊԿ գործընկերների հետ շփման ժամանակ նման մտավախություն լսել է:
Նիկոլ Փաշինյան - Իմ արձագանքն այն էր, որ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Իրականում սա ամենևին բառախաղ չէ: Աշխատանքային մակարդակով բազմիցս ՀԱՊԿ-ի ներսում խոսել եմ, բայց հիմա պատեհ է, որ հրապարակային խոսեմ դրա մասին, երբ ՀԱՊԿ-ի գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ Հայաստանի անվտանգության վերաբերյալ, որովհետև ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ինստիտուցիոնալ թիվ մեկ գործիքն է: Մենք ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է: Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, այդ ժամանակ, բնականաբար, դիմեցինք ՀԱՊԿ-ին, և մեզ համար շատ տարօրինակ մի արձագանք ստացանք, որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ»:
ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների անհրաժեշտության մասին, ընդգծեց՝ երկարաժամկետ կամ մշտական դիտորդական առաքելության մեխանիզմը կարևոր նպատակներից մեկն է անաչառ տեղեկություն փոխանցելու համար միջազգային կառույցներին:
Նիկոլ Փաշինյան - Այս տրամաբանությունը բխում է նրանից, որ երբեք Ադրբեջանը չի ասում՝ ես խախտեցի զինադադարը: Իրենք միշտ փորձում են ներկայացնել, թե ինչ-որ սադրանք է եղել և այլն: Բնականաբար, մենք այդ անհիմն տեղեկատվությունը բոլոր հնարավոր միջոցներով հերքում ենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք՝ քանի որ սա շարունակվող իրավիճակ է, ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունն ունենա դիտորդական առաքելություն, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը:
Վարչապետն անդրադարձավ նաև գերիների հարցին՝ նշելով, որ այդ թեմայով ասված ցանկացած բան հնարավոր է վնասի գերիների վերադարձի գործին, սակայն հավաստիացրեց՝ նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան