Կիպրոսի իշխանությունները մտադիր են օգտագործել դիվանագիտական գործիքները՝ միջազգային մակարդակով պատշաճ արձագանք ստանալու համար՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարության, որով նա խոստացել է մեծացնել Անկարայի ռազմական ներկայությունը կղզու հյուսիսային հատվածում: Այս մասին հայտարարել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիոս Պելեկանոսը։
«Մենք թուրքական սադրանքներին կարձագանքենք միջազգային մարմինների որոշումներով և դիվանագիտական գործողություններով, այլ ոչ թե ռազմական ճանապարհով»,- նշել է Պելեկանոսը:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ ի տարբերություն Թուրքիայի՝ Կիպրոսն ամրապնդում է զսպման ուժերը՝ երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության համար, այլ ոչ թե ավելացնում է հարձակողական հզորությունը:
Սեպտեմբերի 28-ին Էրդողանը CNN Türk հեռուստաալիքի հետ հարցազրույցում նախազգուշացրել էր, որ Վաշինգտոնի ընդունած որոշումը Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն լիովին վերացնելու մասին կստիպի Թուրքիային ուժեղացնել իր ռազմական ներկայությունը կղզու հյուսիսային մասում և կհանգեցնի Կիպրոսում սպառազինությունների մրցավազքի: