Արցախում լայն թափով շարունակվում են բնակարանաշինական ծրագրերը: Դրանց հիմնական շահառուները 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են:
Արամ Սարգսյան (Արցախի քաղաքաշինության նախարար) - Ստեփանակերտ քաղաքում կառուցվում է ավելի քան 1500 նոր բնակելի տուն, թվով 12 թաղամաս և ավելի քան 1700 տուն՝ շրջաններում:
Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի հարևանությամբ նոր թաղամաս է կառուցվում օկուպացված Սղնախ, Ջրաղացներ, Մոշխմհատ և Մադաթաշեն համայնքների համար: 82-ամյա Դորա Սարգսյանը նոր բնակարանն է մաքրում, որ մինչև նոր տարի տեղափոխվեն այստեղ:
Դորա Սարգսյան (ծրագրի շահառու) - Երբ եկել ենք այս տունը ու ասել են՝ սա ձերն է, տալիս ենք, այդ օրվանից հետո գրեթե չեմ քնել: Ամեն գիշեր, ցերեկ այս տան մասին եմ մտածում՝ որ կգանք, մի կտոր հող կմշակենք, որ այս երեխաներին պահենք:
Ծրագիրն իրագործվում է Արցախի կառավարության ֆինանսավորմամբ: 2023-ի հունվարի 1-ին թաղամասում 100 տուն պատրաստ կլինի: Վիճակահանությամբ 95 ընտանիք գիտի իր նոր հասցեն:
Եղիշե Ղահրամանյան (Սղնախ համայնքի ղեկավար) - Քանի որ թաղամասում ավելի շատ տներ են կառուցվում, վիճակահանությունը կազմակերպել ենք, որպեսզի մեր գյուղացիներն իրենց առանձնատների տեղն իմանան՝ թեկուզ մարդ կա, որի տունը լրիվ կառուցված չէ, բայց ինքը իր տան տեղը գիտի: Կարող է հետագայում գալ, ցանկություն հայտնել մասնակցել շինարարությանը, իր առանձնատան վրա աշխատանքներ կատարի:
Ջրաղացներից Ավանեսյանները կապրեն այս երկհարկանիում: 7 հոգանոց ընտանիքին հատկացվել է 5 սենյականոց: Հայրենի գյուղում անասնապահությամբ էին զբաղվում, այստեղ, հավանաբար, թռչուններ կբուծեն:
Շաբո Ավանեսյան (ծրագրի շահառու) - Գյուղացին պիտի կամ կով պահի կամ հավ: Եթե չկարողանանք կով պահել, քանի որ հողահանդակներ չունենք, չենք կարողանալու խոտ ապահովել, գոնե հավ պետք է պահենք: Հավ պահելու համար էլ պետք է հավանոց կառուցենք: Այս պահին, որ ապրում եմ Աստղաշենում, 50 թև հավ ունեմ, դրա համար նեղված եմ, որովհետև չգիտեմ, թե որտեղ եմ պահելու հավերս:
2023-ի վերջին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում բնակարանամուտ կտոնի 276 ընտանիք: Թաղամասի շինարարությունը մեկնարկել է 2021-ին: Նախատեսված 14 քառահարկ շենքում նախագծային փոփոխություն է կատարվել և ավելացվել մեկական հարկ:
Կառլոս Գրիգորյան (ընկերության գլխավոր ինժեներ) - Եթե նախագծով նախատեսված էր 224 բնակարան, ուրեմն հարկերի բարձրացման պայմաններում ավելանում է 56 բնակարան և դառնում 276 բնակարան:
Հադրութի քաղաքապետի գնահատմամբ՝ միասին ապրելով կկարողանան պահպանել համայնքը:
Վահան Սավադյան (Հադրութի քաղաքապետ) - Համայնքը պահպանելով՝ մենք պահպանում ենք մեր բարբառը, մեր մշակույթը, մեր ավանդույթները՝ հակառակ դեպքում մենք կկորցնենք ոչ միայն այս ամենը, այլ նաև հույսը, որ մի օր կվերադառնանք Հադրութ:
Շինարարությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Շենքերը երկաթբետոնե միաձույլ կառուցվածքով են, բնակարանները՝ 2, 3 և 4 սենյականոց: