Ադրբեջանի իշխանությունները գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում Հարավային գազային միջանցքի ընդլայնման վերաբերյալ՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Սոֆիայում Հունաստան-Բուլղարիա գազատարի գործարկմանը նվիրված արարողության ժամանակ։
«Մենք արդեն քննարկումներ ենք սկսել գործընկերների հետ Անդրանատոլիական գազատարի թողունակությունը տարեկան 16-ից 32 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու հարցով, Անդրադրիատիկ գազամուղի թողունակությունն էլ պետք է 10-ից հասցվի 20 միլիարդ խորանարդ մետրի: Առանց այս գործընթացների դժվար կլինի լրացուցիչ գազ մատակարարել Եվրոպա»,- ընդգծել է Ալիևը։
Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարն այսօր պաշտոնապես շահագործման է հանձնվել։ Նախատեսվում է, որ նոր գազատարի միջոցով Բուլղարիան Ադրբեջանից տարեկան 1 մլրդ խորանարդ մետր գազ կստանա, ինչպես նաև հեղուկ գազ՝ Հունաստանից։