«Հյուսիսային հոսք» գազատարներում վերջերս տեղի ունեցած արտահոսքերը և պայթյունները դիվերսիայի հետևանք են, Վաշինգտոնն աջակցում է դաշնակիցներին կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունն ուժեղացնելու և համապատասխան հետաքննության անցկացման հարցում՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նա տեղեկացրել է, որ իրավիճակը կայունանալուց հետո ամերիկյան կողմը ջրասուզակներ կուղարկի՝ տեղում պարզելու արտակարգ իրավիճակի պատճառները: Բայդենը հորդորել է չհավատալ ռուսական կողմի պնդումներին՝ իբր գազատարների պատահարի պատասխանատվությունը կրում է Արևմուտքը։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է ամերիկյան կողմի հայտարարություններին: Դիվանագիտական առաքելությունը համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը խուսափում է պատասխանել հարցին՝ ում է ձեռնտու էներգետիկ ոլորտում Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապերի խզումը:
«Կոչ ենք անում օբյեկտիվ ուսումնասիրություն անցկացնել՝ պարզելու պատահարի բոլոր հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։