Վերջին էսկալացիայից արդեն ավելի քան 15 օր է անցել, բայց զոհերի անունների ցուցակ հրապարակված չէ: Հանրային հեռուստաընկերության դիտարկմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաշվի է առնվում 44-օրյա պատերազմի փորձը:
«Եկել ենք եզրակացության, որ ճիշտ է մեր նահատակների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են այնտեղ: 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունները նույնպես հրապարակվել են այնտեղ, և մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը:
Բայց զոհերի ցուցակը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա, որովհետև, բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են: Կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն: Նախկին փորձը հաշվի առնելով` գիտենք, որ, ցավոք, դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել: Նույնիսկ եղել է դեպք, երբ հարազատները ճանաչել են վիզուալ, բայց հետո ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել: Նման թյուրիմացություններից խուսափելու համար կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ, և այն պետք է հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են»,- ասաց վարչապետը: