ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը օրեր առաջ նորից բարձրացրել է բազային տոկոսադրույքի միջակայքը 0,75 տոկոսային կետով։ Այժմ այն 3-3,25 տոկոսի միջակայքում է։ Հունիս և հուլիս ամիսներին ևս կառույցն այդչափ բարձրացումների էր գնացել: Այս փոփոխության արդյունքում ԱՄՆ ֆոնդային ինդեքսները հերթական անգամ անկում են գրանցել: Խստացնող դրամավարկային քաղաքականության օգնությամբ Դաշնային պահուստային համակարգը փորձում է պայքարել երկրում շարունակվող գնաճի դեմ։ ԱՄՆ-ում սպառողական գներն օգոստոսին տարեկան կտրվածքով աճել են 8,3%-ով։
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Դաշնային պահուստային համակարգը հապաղել է և ներկայում ստիպված է շատ ավելի կտրուկ քայլերով գնալ տոկոսադրույքների բարձրացումների. նաև կանխատեսվում է, որ տարվա ընթացքում տոկոսադրույքը կհասնի 4.5 տոկոսի, ընդ որում` տարբեր գնահատումներով անգամ սա բավարար չէ գնաճի ցուցանիշներին պատշաճ արձագանքելու համար:
Մասնագետների գնահատմամբ` սա առաջին հերթին ազդելու է ֆինանսական շուկաների վրա, քանի որ, ըստ էության, սրանով փողի թանկացում է տեղի ունենում, ինչը զսպում է այդ շուկաները:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Դրամավարկային քաղաքականության այս գործիքի կիրառումը ստիպում է ֆինանսական շուկայի մասնակիցներին հրաժարվել ռիսկային ակտիվներից և իրենց հիմնական գումարները ուղղելի դեպի ԱՄՆ դոլարով ապահովված հիմնական պարտատոմսեր, դոլարային ակտիվներ՝ մի խոսքով: Սա միանշանակ ազդելու է նաև համաշխարհային արժութային շուկայում դոլարի փոխարժեքի վրա:
Կարեն Սարգսյանը նկատում է՝ միայն Միացյալ Նահանգները չէ, որ խստացումների է գնում. աշխարհի գրեթե բոլոր երկրներում գնաճը զսպելու համար դիմել են այդ գործիքին:
Կարեն Սարգսյան - Նաև Եվրամիության Կենտրոնական բանկը սեպտեմբերի 8-ին բարձրացրեց նույն 0.75 տոկոսային կետով, և այս քայլերը միանշանակ նպաստելու են, որպեսզի փոքր-ինչ գնաճը զսպվի: Սակայն ԵՄ-ում, ի տարբերություն ԱՄՆ-ի, քանի որ գտնվում է այդ պատերազմական գործողություններին ավելի մոտ, և ռիսկերը ավելի մեծ են այստեղ, կարծում եմ` ազդեցությունը այդքան մեծ չի լինի, ինչքան, օրինակ՝ ԱՄՆ-ում:
Հայաստանը ևս անման չի մնա ազդեցություններից: Իրավիճակի ազդեցությունը, ըստ մասնագետների, մեր երկրի համար տարբեր կարող է լինել:
Նարեկ Կարապետյան - Մի կողմից` էդ բարձրացումների արդյունքում գլոբալ գնաճային միջավայրը կարող է մեղմվել, և դրանից դեպի Հայաստան փոխանցվող գնաճային ճնշումները կարող են թուլանալ, մյուս կողմից` Միացյալ Նահանգներում տոկոսադրույքի բարձրացումը ամբողջ համաշխարհային ֆինանսական շուկայում փոխառությունների պայմաններն են խստացնում և նաև Հայաստանի Կառավարության և Հայաստանի տնտեսվարողների համար է էդ պայմանները խստացնում:
Հայաստանի կենտրոնական բանկը ևս այս միտումներին արձագանքում է՝ վերջին անգամ սեպտեմբերի 13-ին որոշվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսով՝ սահմանելով 10 տոկոս:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան