2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան երրորդ լայնամասշտաբ գործողությունն էր՝ ուղղված հիմնականում Հայաստանի բնակավայրերի դեմ՝ Վարդենիսում օտարերկրյա դիվանագետներին հայտնեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը: Նա հակադարձեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումներին՝ իբր վերջին գործողությամբ ստիպված նախահարձակ են եղել՝ կասեցնելու հայկական զինուժի երևակայական գործողությունները:
Առաքել Մարտիկյան (ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ) - Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ` ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական ԶՈՒ-ի կողմից ոչ մի նման միջոցառում պլանավորված չի եղել և չի էլ կարող լինել, քանի որ դա հակասում էր մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին:
Մարտիկյանի խոսքով՝ ռազմական գործողությունները հիմնականում ուղղված էին խիտ բնակեցված բնակավայրերի դեմ՝ նպատակ ունենալով ստիպել բնակիչներին լքել իրենց տարածքները:
Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով հակառակորդին հաջողվել է Վարդենիսի ուղղությամբ գրավել մի քանի մարտական դիրք, որոնք կարևոր չեն մարտավարական, բայց կարևոր են ռազմավարական տեսանկյունից՝ նշեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը:
Առաքել Մարտիկյան - Ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում: Չենք կարող ասել, թե այստեղ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Բայց այդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, քանի որ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա: Եվ ամենակարևորը՝ իրենց ներկայությամբ հոգեպես և բարոյապես ճնշում են մոտակա գյուղերի բնակիչներին:
ՀՀ ԶՈՒ-Ն ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՄԱՐՏԻԿՅԱՆ
Մարտիկյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը դաժանորեն սպանել են վիրավոր հայ զինծառայողներին, խոշտանգել զոհերի մարմինները, նկարել և տարածել սոցցանցերում: Մարտիկյանը միաժամանակ ընդգծեց՝ Հայաստանի զինված ուժերին հաջողվում է կատարել իր առջև դրված խնդիրները, ապահովել բնակչության անվտանգությունը:
Առաքել Մարտիկյան - Ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչև վերջ մեր զինվորները կանգնել են և զոհվել: Այսինքն՝ այն մարտական դիրքերը, որտեղ ադրբեջանցիներին հաջողվել է զբաղեցնել, մենք ունեցել ենք միայն զոհեր և ծանր վիրավորներ: Ադրբեջանի «մարդասիրական լոզունգով առաջնորդվող» ԶՈՒ-ն դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, առանց ամաչելու հաշվեհարդար տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով են վարվել զոհվածների մարմինների հետ, առավել ևս՝ կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ: Եվ ես պետք է հավաստիացնեմ, որ զինված ուժերն ամեն ինչ անելու են, որ կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը և ապահովեն մեր ազգաբնակչության ազատ, անկախ և անվտանգ կյանքը:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը հանդիպման ընթացքում հաստատեց տեղեկությունը, որ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան, և դեռ չեն կարողանում դուրս բերել դրանք:
Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ նա հայտնեց, որ իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով այսօր համեմատաբար հանգիստ է: Վերջին խոշոր կրակի ռեժիմի խախտումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին Ջերմուկի շրջանում, որտեղ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, տներ, արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ: Հրթիռակոծվել են նաև Հայաստանից Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերը:
Գնել Սանոսյանն ընդգծեց՝ 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Դիտավորյալ խախտվել է Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը։