Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պարզաբանել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի հայտարարությունը, որ ԶՈՒ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը: Արամ Թորոսյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ «Արմենպրեսի» հարցերին:
Հարց - Ի՞նչ էր ակնարկում ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, երբ ասուլիսի ընթացքում ասաց, որ ԶՈՒ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը։
Պատասխան - ԳՇ պետի տեղակալը տվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր առաքելության ընդհանրական բնութագիրը, այն է՝ պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքն արտաքին սպառնալիքներից։ Այդ ձևակերպման մեջ որևէ արտառոց կամ նոր բան չկա։
Հարց - Այսինքն՝ տվյալ ձևակերպումը որևէ գործողության մասին ակնարկ չէ՞ր։
Պատասխան - Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ։ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը խոսել է զինված ուժերի գլխավոր առաքելության՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության մասին։
ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ այս պահին գործի է դրված դիվանագիտական ողջ գործիքակազմը: