Առաքել Մարտիկյան (ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ) - Վերջին հաշվով մենք ունենք հրաման՝ Հայաստանի սուվերեն տարածքների վերականգնում: Զինված ուժերի պարտականությունն է կատարելու վերադասի հրամանը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի դրան հասնենք: Լսել եք երևի՝ Հայաստանը քանի քառակուսի կիլոմետր է, այդքանն էլ պետք է ապահովենք:
Վարդենիսում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի այս դիտարկմանը ադրբեջանական լրատվամիջոցները անդրադարձել են՝ իբր Հայաստանը պատրաստվում է պատերազմի:
Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ. «Լուրերի» հարցմանն ի պատասխան ՊՆ մամուլի քարտուղարի արձագանքն է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հայտարարությանը:
Արամ Թորոսյան (ՊՆ մամուլի քարտուղար) - ԳՇ պետի տեղակալը տվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր առաքելության ընդհանրական բնութագիրը, այն է՝ պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքն արտաքին սպառնալիքներից։ Այդ ձևակերպման մեջ որևէ արտառոց կամ նոր բան չկա։ Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ։ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը խոսել է զինված ուժերի գլխավոր առաքելության՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության մասին։
Ճշտող հարցին՝ արդյոք դա ենթադրո՞ւմ է որևէ գործողություն Հայաստանի զինված ուժերի կողմից, Արամ Թորոսյանը մանրամասնեց.
Արամ Թորոսյան - ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ այս պահին գործի է դրված դիվանագիտական ողջ գործիքակազմը:
Սեպտեմբերի 29-ին 25 երկրից 31 դիվանագիտական ներկայացուցիչ Գեղարքունիքում՝ Ադրբեջանի թիրախում հայտնված բնակավայրերում, ծանոթացան, արձանագրումներ արեցին ու լուսանկարեցին Ադրբեջանի ագրեսիվ և լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, հրետակոծությունների վնասները:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան