Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Տորոնտոյից Ժիրայր և Հուրի Ազնավուրեանների ընտանիքը այցելել են Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող Նորքի տուն-ինտերնատ՝ ծանոթանալու այնտեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին:
Շենքը վերանորոգվել է ի հիշատակ Տեր և Տիկին Հարություն և Սիլվա Եսայեանների:
Վերանորոգվել են առաջին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերը, լվացքատունը, փոխարինվել է լվացքատան տանիքի ծածկույթը:
Ժիրայր և Հուրի Ազնավուրեանների խոսքով՝ տուն-ինտերնատի վերանորոգմամբ իրականացվել է բարերար Եսայեաններ ընտանիքի վաղեմի ցանկությունը: Նրանք հուսով են, որ տարեցները իրենց համար ստեղծված նոր և հարմարավետ միջավայրը կվայելեն առողջությամբ և ուրախությամբ:
Նշենք, որ 2011 թ. հիմնադրամն իրականացրել է նաև տուն-ինտերնատի առաջին մասնաշենքի երրորդ և չորրորդ հարկերի վերանորոգումը:
Հիշեցնենք, որ Նորքի տուն ինտերնատը կառուցվել է 1989-1990 թթ.: Հիմնադրամի վերանորոգման աշխատանքներն ուղղված են նաև հաստատության համընդհանուր արդիականացմանը: Այսօր տուն-ինտերնատում բնակվում է 207 տարեց: