Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների ընթացքում խոսք չկա և չի կարող լինել «արտատարածքային միջանցքի» մասին, որն ինչ-որ կերպ կարող է խախտել կողմերից մեկի ինքնիշխանությունը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում: Օվերչուկը մանրամասն ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ նշելով, որ հնարավոր է հաղորդակցությունները բացել կամ կառուցել նոր ճանապարհներ միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակեցնեն սահմանի հատման և այդ ճանապարհներով երթևեկության իրավական ռեժիմը:
Ալեքսեյ Օվերչուկ (ՌԴ փոխվարչապետ) - Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք, որը ընկած է այդ ռեժիմի որոշման մոտեցումների հիմքում: Այդ սկզբունքը հնչում է այսպես. «Ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է այն երկրին, որի տարածքով անցնում է այդ ճանապարհը»: Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե Ադրբեջանի տարածքով` ադրբեջանական:
Գործնականում այս սկզբունքի իրականացումը, Օվերչուկի մեկնաբանմամբ, նշանակում է, որ Ադրբեջանից Հայաստանի տարածք ապաշրջափակված կամ նորակառույց ճանապարհներով մուտք գործելու համար սահմանային և անձնագրային հսկողության միջոցառումները կլինեն նույնը, ինչ, օրինակ՝ Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Համանման անձնագրային վերահսկողություն կլինի նաև Հայաստանից Ադրբեջան մուտք գործելիս:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՂ ԱՎԱՐՏԸ ԿԼԻՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ
Ալեքսեյ Օվերչուկ - Բացի այդ, քննարկվում են կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան ճանապարհներից օգտվելու դիմաց վճարների, ինչպես նաև մյուս երկրի տարածքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգության ապահովման հարցերը: Կարծես թե առկա է փոխըմբռնում այս հարցերի գործնական իրականացման հնարավորության կապակցությամբ՝ առանց որևէ կողմի ինքնիշխանությունը ոտնահարելու։ Այնուամենայնիվ, բանակցությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ լիակատար վստահություն լինի, որ բոլոր իրավական ասպեկտները հաշվի են առնված, ոչինչ չի անտեսվել, և ոչ ոք ձեռք բերված արդյունքը չի մեկնաբանի որպես հաղթանակ մյուս կողմի նկատմամբ։ Բանակցությունների հաջող ավարտը կլինի բոլոր կողմերի ընդհանուր հաղթանակը:
ՌԴ փոխվարչապետն ընդգծել է՝ եռակողմ աշխատանքային խումը երկու տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարել, բանակցությունների արդյունքում կողմերի մոտ ձևավորվել է երթուղիների տեսլականը։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը Եվրասիայի աշխարհատնտեսական հանգույց է, և ապաշրջափակումից կշահեն շատերը:
Ալեքսեյ Օվերչուկ - Տրանսպորտային մեկուսացման հաղթահարման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հեռանկարը հզոր խթան կհաղորդի ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի և սահմանակից երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի զարգացմանը։ Հայաստանը քաջ գիտակցում է, որ հետագա տնտեսական աճը զսպվում է տրանսպորտային շրջափակման պատճառով: Բաց հաղորդակցությունները հնարավորություն կտան զարգացնելու առևտրային և հումանիտար կապերը, թույլ կտան հարևաններին շփվել միմյանց հետ, և դա լավագույն դարմանն է տարածաշրջանի վերքերին։
Օվերչուկն ընդգծել է՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը շատ կարևոր է նաև ռուսական կողմի համար՝ դրանք կանցնեն բարեկամ երկրների տարածքով և դուրս կգան բարեկամ երկրներ:
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԴԱՆԴԱՂԵՑՆՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը չի կարող աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձություններից մեկուսացված։ Սահմանին իրավիճակի յուրաքանչյուր սրացումը, նոր դերակատարների միջամտության փորձերը, նրա խոսքով, դանդաղեցնում են բանակցային գործընթացը:
Ալեքսեյ Օվերչուկ - Ամեն անգամ, երբ նման բան է տեղի ունենում, բանակցություններում դադար է լինում, և ստիպված ենք սպասել, թե իրավիճակը երբ կկարգավորվի և պարզ կդառնա:
Հարցին, թե եռակողմ աշխատանքային խումբն աշխատում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման ռեժիմը լինի այնպիսի՞ն, ինչպիսին բոլորը սովոր են տեսնել նորմալ հարաբերություններ ունեցող երկրների միջև, Օվերչուկը պատասխանել է. «Միանգամայն ճիշտ եք։ Մենք դրան ենք գնում»: Լրագրողը անդրադարձել է նաև մաքսային հսկողության ընթացակարգերին:
Ալեքսեյ Օվերչուկ - Բանակցությունների ընթացքում մենք հաշվի ենք առնում, որ Հայաստանն ու Ռուսաստանը պատկանում են ԵԱՏՄ ընդհանուր մաքսային տարածքին։ Մեզ համար Հայաստանի մաքսային սահմանը Ռուսաստանի մաքսային սահմանն է, իսկ Ռուսաստանի մաքսային սահմանը Հայաստանի մաքսային սահմանն է։ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանները հատելու հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Օվերչուկի խոսքով՝ հարցերը շատ ավելի հեշտ կկարգավորվեին, եթե բանակցությունների բոլոր մասնակից երկրները լինեին ԵԱՏՄ անդամ երկրներ, քանի որ միության տարածքում չկա որևէ հսկողություն, բացի անձնագրայինից:
ՀՀ-ՌԴ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԹԵ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է. ՕՎԵՐՉՈՒԿ
ՌԴ փոխվարչապետը հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-ռուսական տնտեսական գործակցությանը, ընդգծել՝ վերջին 5 տարում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է՝ 1,35 միլիարդից հասնելով 2,6 միլիարդ դոլարի: Ընդ որում՝ ըստ Օվերչուկի՝ այդ աճը շատ հավասարակշռված է և հնարավոր է դարձել 2015 թվականին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ։
Օվերչուկը վստահություն է հայտնել, որ ռուսական բիզնեսը պատրաստ է արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության զարգացման համար։
Ալեքսեյ Օվերչուկ - Հայաստանի Կառավարության հետ ստորագրել ենք մինչև 2025 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը: Այն նախատեսում է մի շարք միջոցառումներ մեր տնտեսական կապերը զարգացնելու համար: Այդ նպատակով մենք կընդլայնենք և կբարելավենք իրավական դաշտը, կապահովենք երկկողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, կակտիվացնենք մեր հարաբերությունների ներդրումային բաղադրիչը, պայմաններ կստեղծենք առևտրի կառուցվածքի դիվերսիֆիկացման համար, կզարգացնենք համագործակցությունը գիտատեխնիկական ոլորտում՝ շեշտադրելով թվային տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության և թվային տնտեսության զարգացումը:
Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ գործընթացում ներգրավվելու են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների բոլոր հիմնական ոլորտները։