Իմ համոզմունքը շարունակում է մնալ նույնը, որ երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին:
«Քանի դեռ մենք չունենք համապարփակ խաղաղություն, մենք համապարփակ անվտանգության մասին չենք կարող խոսել: Հետևաբար մեր բոլոր ջանքերը նույնիսկ ամենասուր իրավիճակներում ուղղված են խաղաղությանը: Եթե մենք կարծում ենք, որ մեր սահմանների անձեռնմխելիությունը պետք է պաշտպանվի, այդ թվում՝ մեր բանակի ջանքերով և դիվանագիտական միջոցներով, այդ գործողության հեռահար նպատակը նույնպես խաղաղությունն է: Մենք փորձում ենք այնպես անել, որ մեր դիրքորոշումները հստակ լինեն միջազգային հանրության համար, և իրավիճակի մասին միջազգային հանրությունն օբյեկտիվ տեղեկություն ստանա»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանք է տարվում: