ՆԱՍԱ-ն թռիչքների կենտրոնից տիեզերք է ուղարկել նոր աստղադիտակ: Աստղաֆիզիկոսները լիահույս են, որ իրենց պատկերացումներն ու կանխատեսումները հնարավոր է հաստատել հենց այս ճանապարհով:
Վլադիմիր Հայրապետյան (աստղաֆիզիկոս, ԱՄՆ) - Շատ-շատ հզոր է և՛ «Հաբլ» տելեսկոպի համեմատ, և հույսով, որ էս տելեսկոպը նոր հարցեր կտա:
Ամենաուշը երեք ամսից տիեզերական գիտական կայանում կգրանցեն առաջին տվյալները: Աշխատանքներում ներգրավված է նաև հայ գիտնականը: ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի աստղաֆիզիկոսը ղեկավարում է միջազգային չորս գիտական խումբ՝ 5-6 գիտաշխատողով: Յուրաքանչյուր խումբ լուծում է իր խնդիրը, տվյալները փոխանցում կառավարման կենտրոն:
Վլադիմիր Հայրապետյան - Ինչ տեսակի աստղ է պետք, ինչ տեսակի մոլորակ, ինչպես են միմյանց հետ խոսում, և ինչ տեսակի մոդելներ կարող ենք մենք առաջարկել:
Վլադիմիր Հայրապետյանը Հայաստանում է «Հրավիրյալ հետազոտողներ» ծրագրով, որն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ PMIScience-ի աջակցությամբ։ Գիտնականը նոր՝ «Կյանքի փնտրտուքը տիեզերքում» հետազոտությունը ներկայացրեց ԵՊՀ-ում: Տիեզերքում բռնկումներ հաճախ են լինում, իրենք կանխատեսել են ավելի ուժեղ բռնկում, որը, ըստ գիտնականի, իր հետ կբերի ցավալի հետևանքներ:
Վլադիմիր Հայրապետյան - Եթե մարդիկ բոլոր երկրներից հասկանան, որ մենք ունենք ավելի մեծ թշնամի, որտեղ ենք մենք ապրում, ինչ կարելի ա սպասել, ուրիշ ձևով մտածելակերպը կփոխվի:
Տիեզերքում բռնկումները պատկերացնում են ֆիզիկոսները, վտանգները զգում ամբողջ մարդկությունը: Էլեկտրամագնիսական իմպուլսները կարող են խանգարել տարբեր համակարգերի աշխատանքին: Որպես օրինակ գիտնականը նշում է 1989-ին Կանադայում Քվեբեկի հոսանքազրկումը:
Վլադիմիր Հայրապետյան - Դա կարող ա լինի Նյու Յորքում, Տոկիոյում, որտեղ 30 մլն մարդ ա ապրում, ամբողջ տրանսֆորմատորը դուրս կգա շարքից, և փոխելու համար վեց ամիս է պետք:
Այստեղ մեծ անելիք ունեն աստղաֆիզիկոսները՝ տիեզերքից տվյալները բերելով Երկիր: Մեկ այլ հարցադրում էլ Վլադիմիր Հայրապետյանն ինքն է անում՝ ի՞նչ սպասել Արեգակից:
Պետք է ճիշտ հաշվարկել բռնկումների հաճախականությունը: ՆԱՍԱ-ն հատուկ դիտակ է մշակել և արդեն 11 տարի այն ամեն վայրկյան հետևում է Արեգակին:
Վլադիմիր Հայրապետյանը գիտական համայնքին կներկայացնի նաև Լուսնի և Մարսի նոր հետազոտությունները:
Ասում է՝ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, ստացվող նոր տվյալներեը փոխում են բոլոր պատկերացումները: Վստահեցնում է՝ ՆԱՍԱ-ի ուղարկած նոր աստղադիտակը հեղափոխություն է լինելու՝ մութ տիեզերքից կստացվեն շատ անհայտներ՝ նոր բանաձևերով: