Շնորհանդեսներ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր ու մրցանակաբաշխություն. գրողին, հրատարակչին ու ընթերցողին արդեն հինգերորդ տարին է՝ մեկտեղել է գրքի երևանյան փառատոնը:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Հայաստանն ունի բոլոր իրավունքները՝ բարոյական իրավունքները, լինելու միջազգային հարթակ բոլոր այն հարցերի քննարկման, կարգավորման, փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման, որոնք վերաբերում են գրականությանը և գրահրատարակչության ոլորտին: Եվ, ըստ էության, սա որոշակիորեն ամփոփում է այն բոլոր ձեռքբերումները, որ կան գրահրատարակչության ոլորտում:
Փառատոնի շրջանակներում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված գրական մրցույթին մասնակցել է 165 անձ՝ ներկայացնելով արձակ, չափածո, պոեզիա կամ դրամատուրգիա:
Արմեն Սարգսյան (գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար) - Մրցանակաբաշխությունը կլինի հոկտեմբերի 2-ին՝ փառատոնի փակման արարողության ժամանակ: Կհայտարարվեն հաղթողների անունները, որոնք կստանան դրամական պարգևներ և փառատոնի արձանիկը:
Տարվա գրական իրադարձությունը տեղի է ունենում «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Փառատոնի կազմակերպիչը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է, որտեղ ևս կանցկացվի միջոցառում:
Սյուզաննա Խոջամիրյան (Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն) -
Լինելու են խարույկ, երաժշտություն, ընթերցողներ, ներկա են գտնվելու արտասահմանից ժամանած հյուրերը և շատ տաղանդավոր ժամանակակից ստեղծագործողներ, որոնց ընթերցումներին կարող ենք ծանոթանալ, նրանց հետ շփվելու, խոսելու բացառիկ հնարավորություն կարող ենք ունենալ:
Գրքի տոնավաճառին մասնակցում է 30-ից ավելի հրատարակչություն և մշակութային կազմակերպություն Հայաստանից ու արտերկրից՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Մոտ 60 միջոցառում է նախատեսված նաև Եղիշե Չարենցի, Ռուսական արվեստի, Հրանտ Մաթևոսյանի թանգարաններում, Ազգային գրադարանում, Երևանի պետական և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարաններում և «Զանգակ» գրատանը:
Աստղիկ Օհանյան («Զանգակ» գրատան մշակութային ծրագրերի ղեկավար) -
Այս օրերին մենք ունենք մի քանի գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների հետ, ունենք հյուրեր, որոնք արտասահմանից են, հայտնի գրողներ, որոնք եկել են այս օրերին Հայաստան, որպեսզի նաև ծանոթանան հայ ընթերցողի հետ, և ավելի մասշտաբային դառնա գրքի երևանյան փառատոնը:
Գրքի շնորհանդեսներից մեկը Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիան» է, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին:
Համլետ Առաքելյան (հեռուստառադիոհաղորդավար, ժամանակակից հեղինակ) -
«Անմահների ակադեմիան» հրաշավեպ է, ֆենթեզի ժանրում, և այստեղ կան բազմաթիվ հերոսներ, որոնք մեր աշխարհից չեն: Գործողությունները կատարվում են Երևանում և մեր ժամանակներում: Սա լավագույն հարթակն է ոչ միայն ընթերցող-գրող կապի համար, այլև գրող-գրող կապի համար, որովհետև այստեղ մենք՝ ժամանակակից գրողներս, ճանաչում ենք իրար:
Փառատոնն այս տարի նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան