Եվրոպայում ռուսական գազի մատակարարումների դադարեցումից տնտեսական վնասը կհանգեցնի գլոբալ ֆինանսական ճգնաժամի: «Բլումբերգ» ֆինանսական պարբերականի կանխատեսմամբ՝ ձմռանը որքան ցուրտ լինի, այնքան ավելի լուրջ էներգետիկ խնդիրներ կառաջանան Եվրոպայում: Չորրորդ եռամսյակում սպասվում է ՀՆԱ-ի անկում, եթե Եվրամիության 27 անդամները չկարողանան արդյունավետ բաշխել վառելիքի սակավ մատակարարումները, ապա այդ անկումը կարող է հասնել մինչև 5 տոկոսի: Ըստ պարբերականի՝ հնարավոր է 2009 թվականի ճգնաժամի կրկնություն:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանից գազի մատակարարումը Եվրոպա կրճատվել է մոտ 6 անգամ: Եթե մինչև պատերազմը օրական 500 մլն խմ գազ էր մատակարարվում, ապա օգոստոսի վերջին այդ մակարդակը 100-85 մլն խմ է: Բնականաբար դա նշանակում է, որ զգալի տնտեսում պետք է արվի, և զգալի չափով նույն պահանջարկի պայմաններում առաջարկը 5-6 անգամ կրճատվի:
Օրեր առաջ էլ պայթեցվել են Եվրոպան ռուսական գազով ապահովող «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարները, որոնք անցնում են Բալթիկ ծովի հատակով: Միջազգային մամուլը, հղում կատարելով մասնագետներին, դիտավորության մասին է խոսում: Էներգետիկ ճգնաժամի պայմաններում արդյունաբերական մատակարարման շղթան կարող է կոտրվել: Օրինակ՝ Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրող Volkswagen ընկերությունը նախորդ շաբաթ հայտարարել է, որ կարող է արդյունահանումը դուրս բերել Գերմանիայից և Արևելյան Եվրոպայից, եթե բնական գազի պակասը շարունակվի: Գերմանիայի խոշոր քիմիական գործարաններից մեկը կրճատում է արտադրությունը Եվրոպայում:
Արմեն Քթոյան - Կբախվեն այդ խնդիրների հետ, սպառողները ստիպված կլինեն մի քանի անգամ նախկին մակարդակը գերազանցող հաշիվներ փակել գազի դիմաց: Ընտրությունը Եվրոպայի համար լինելու է մեծ կամ շատ մեծ կորուստների միջև ընտրություն կատարելու այլընտրանքը:
Այս ճգնաժամն ազդեցություն է ունենում նաև Հայաստանի վրա, սակայն հիմնականում դեռ դրական՝ նշում է Քթոյանը:
Արմեն Քթոյան - Մեզ հաջողվում է այս ճգնաժամը, որ անխուսափելիորեն բացասական ազդեցություն կարող էր ունենալ Հայաստանի վրա և առանձին ուղղություններով ունի, բայց դրականը տնտեսության համար՝ էդ խորշերը լրացնելը, այցելուները, տրանսֆերտները և այլն, իր ազդեցությամբ շատ ավելի մեծ է, բայց պետք է նկատի ունենալ, որ տրամագծորեն հակառակ պրոցեսը ինչ-որ մի իքս պահի տեղի կունենա:
Եվրամիության երկրներն արդեն 314 միլիարդ եվրո են հատկացրել սպառողների և բիզնեսի վրա էներգետիկ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան