ԼԺՀ-Ն, ԴԺՀ-Ն, ԽԵՐՍՈՆԸ ԵՎ ԶԱՊՈՐՈԺԻԵՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ՌԴ ԿԱԶՄ
Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում տեղի է ունեցել ԼԺՀ-ն, ԴԺՀ-ն, Խերսոնը և Զապորոժիեն Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումը սկսվել է Ռուսաստան նախագահի ելույթով: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ մարդիկ հանրաքվեներով միանշանակ ընտրություն են կատարել, ըստ այդմ՝ համաձայնագրեր կստորագրվեն Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ: «Դա միլիոնավոր մարդկանց կամքն է»,- ընդգծել է Պուտինը: Նրա խոսքով՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հավերժ ՌԴ քաղաքացիներն են դառնում:
Ռուսաստանի նախագահը կոչ է արել Կիևին դադարեցնել ռազմական գործողություններն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ: «Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններ վարել»,- շեշտել է Պուտինը՝ հավելելով, Կիևը պետք է հարգի շրջանների ընտրությունը, միայն դա կարող է լինել խաղաղության ճանապարհը: Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը բոլոր հասանելի միջոցներով կպաշտպանի իր հողերը: «Մենք աշխատելու ենք ազատագրված տարածքներում անվտանգության բարելավման ուղղությամբ»,- ընդգծել է Կրեմլի առաջնորդը:
Իր խոսքում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Արևմուտքը դեմոկրատիայի փոխարեն օգտագործում է ճնշումը, շահագործումը և ստրկացումը: «Արևմուտքի կառուցած միաբևեռ աշխարհը հակադեմոկրատական է և կեղծավոր»,- հայտարարել է Պուտինը: Ելույթից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի ղեկավարները ստորագրել են համաձայնագրերը, շնորհավորել միմյանց՝ արարողությունն ավարտելով՝ «Ռուսաստան» վանկարկելով:
ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Արդեն մի քանի օր է՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ դատապարտում են գործընթացը՝ սպառնալով Մոսկվային նոր պատժամիջոցներով:
«ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի Ուկրաինայի տարածքը բռնակցելու Ռուսաստանի փորձը»՝ հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, իսկ Ուկրաինան և Արևմուտքը հանրաքվեի ձայները որակել են կեղծ:
Թուրքիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանին նվազեցնել լարվածությունը և չբարդացնել իրավիճակը:
Արձագանքել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ գործընթացը չի համապատասխանում միջազգային իրավունքին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պատասխանել է ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելությունը՝ երկակի ստանդարտներ որակելով Գուտերեշի հայտարարությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Մոսկվան ուկրաինական հնարավոր հարվածներն այն տարածքներին, որոնք կդառնան Ռուսաստանի Դաշնության մաս, կդիտարկի որպես ագրեսիայի ակտ Ռուսաստանի դեմ:
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները կդառնան Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան տարածք, և նրանց վրա կտարածվի Միութենական պետության մասին պայմանագիրը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՎԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահնեը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Վլադիմիր Պուտինը ներկայացրել է սեպտեմբերի 23-27-ը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հանրաքվեների արդյունքները։
Կրեմլի առաջնորդի խոսքով՝ քվեարկությունն անցել է թափանցիկության պայմաններում՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Կողմերը դրական են գնահատել էներգետիկ ոլորտում գործակցությունը, քննարկել նաև սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման ընթացքին վերաբերող հարցեր, Ստամբուլի համաձայնագրերի իրականացման ընթացքը: Զրույցի ընթացքում կարևորվել է Ռուսաստանից համաշխարհային շուկա սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման խոչընդոտների վերացումը: