Միաժամանակ 20 օդապարիկ Գառնիի ու Երևանի երկնքում: Հոկտեմբերի 13-17-ը Հայաստանում կանցկացվի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը:
Նաիրի Բարսեղյան («Սքայբոլ» ընկերության տնօրեն) - Ունենալու ենք երկու փուլ, մեկը ցուցադրական թռիչքներն են, որի ընթացքում մեր բոլոր համաքաղաքացիները, երկիր ժամանած զբոսաշրջիկները կարող են գալ, տեղում տեսնել, նկարվել, մասնակցել, որովհետև բավականին գեղեցիկ տեսարան ա ստացվում, երբ միաժամանակ 20 օդապարիկներ գետնի վրա, իրանց փչելու պրոցեսը և այլն, նաև թռիչքների ընթացքում ունենալու ենք առանձին սպորտային առաջադրանքներ:
Փառատոնը կազմակերպել է «Սքայբոլ» ընկերությունը Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Իրենց օդապարիկներով փառատոնին կմասնակցեն օդագնացներ Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Լեհաստանից, Ռուսաստանից: Թռիչքները տևելու են 40-60 րոպե՝ կախված քամու արագությունից: Առավել հետաքրքիր է լինելու փառատոնի սպորտային հատվածը՝ հավաստիացնում է Նաիրի Բարսեղյանը:
Նաիրի Բարսեղյան - Քանի որ մենք ղեկ չունենք, թռչում ենք միայն քամու ուղղությամբ և արագությամբ, սկզբում թռչող օդապարիկը, որտեղ այն վայրէջք ա կատարում, խաչ ա տեղադրում, և մնացածը պետք ա փորձեն հասնեն այդ կետին և մարկերները գցում են, աչոկները գումարվում են, և այդ աչոկների միավորների հաշվարկների վրա ընտրվում ա հաղթողը:
Թռիչքներին կմասնակցեն նաև քաղաքացիներ՝ ասում է Նաիրի Բարսեղյանը: Նախնական 150 տոմս էին նախատեսել, 1 տոմսը՝ 99 հազար դրամով, արդեն բոլորը սպառվել են: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ հոկտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում օրական նախատեսել են երկու թռիչք՝ արևածագին և մայրամուտին: