Հնդկական մամուլում լուրեր են շրջանառվում Հնդկաստանից Հայաստանի զենք գնելու մասին: Այս թեմային այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որ ես կուզենայի հրապարակային քննարկել: Բայց այն հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել: Որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել: Ուզում եմ, որ մեր հանրությունն իմանա՝ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Դա հեշտ գործ չէ:
Մարդիկ կան, որ հարցազրույցներ են տալիս, ասում են՝ մենք սա արեցինք, այն արեցինք, ես կուզեի, որ մենք մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման հետ: 60-ականների, 80-ականների զենքերի ներկրումը սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման հետ պետք չէ շփոթել»,- ասաց վարչապետը: