2 տարվա դադարից հետո Էրիկը վերջապես այս սարքի օգնությամբ քայլում է:
Նոր սարքի՝ էկզոսկելետոնի միջոցով «Զինվորի» տան տղաները կարող են նաև այսպիսի պարապմունքներ անցկացնել: Մի քիչ հոգնեցնող է՝ 30 կգ է կշռում, բայց տղաները չեն տրտնջում:
Էրիկ Օհանջանյան - Իմ բոլոր պարապմունքների հավաքական կերպարն ա, ամեն ինչից մի քիչ ներառված ա, ֆիզիկական պատրաստվածություն ա պետք էս սարքի համար:
Էրիկը ողնաշարի հրազենային վիրավորում է ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ: 4-5 պարապմունքից հետո դրական փոփոխություն է նկատում՝ ավելի ինքնուրույն է դարձել:
Էրիկ Օհանջանյան - Իսկ ուղղահայաց կանգնելու զգացողությունը շատ սպասված պահ ա:
Էկզոսկելետոնը ձեռք է բերել ԱՍՀ նախարարությունը:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ ԱՍՀ նախարար) - Որոշեցինք, որ մրցութային կարգով պետք է տրամադրենք վերականգնողական այն կենտրոնին, որն ունի գիտելիք և կկարողանա կիրառել: Եվ «Զինվորի տունը» հաղթող ճանաչվեց:
Իտալացի մասնագետն է «Զինվորի տան» աշխատակիցներին վերապատրաստել: 7 կինեզիստ էկզոսկելետոնն անխափան կարող է գործի գցել:
Նարեկ Ղազարյան («Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գլխավոր կինեզիստ) - Օրական մենք կարողանում ենք ընդունել 6-7 պացիենտ: Սովորեցնում ենք դրանով աշխատել, քայլքն ենք շտկում: Արդյունք կա, տարածության մեջ ավել են քայլում, քայլքն ավելի երկար է, քան սկզբնական շրջանում, բայց միայն սրանով չի, բոլոր սարքավորումներով աշխատանք է:
Հայրենիքի պաշտպանի տան գլխավոր վերականգնող բժշկի խոսքով՝ սարքը առաջնահերթ հոդերի, մկանների, անոթների հիվանդությունների կանխարգելման համար է, հետո նոր՝ քայլքի շտկման:
Իսկ ամենակարևորը՝ սարքը լուծում է հոգեբանական խնդիրներ:
Լուսինե Պողոսյան («Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գլխավոր վերականգնող բժիշկ) - Այն, որ տղաները կանգնում են, տղաները զգում են այդ ուղղահայաց դիրքը, շատ մեծ բավականություն է, իրենց համար շատ կարևոր է:
Հայաստանում կան ստարտափներ, որոնք աշխատում են հայկական էկզոսկելետոն ունենալու ուղղությամբ:
Նախարարի խոսքով՝ արդյունքները գնահատելուց հետո կարող են դիտարկել նաև սարքը որպես աջակցող միջոց անհատապես տղաներին տրամադրելու տարբերակը: