2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի համաձայն` խաղաղապահները 5 տարի մնում են Արցախում, ապա հեռանում. կա՞ սցենար` ինչպես են Արցախում իրադարձությունները զարգանալու, եթե Ադրբեջանը հրաժարվի խաղաղապահ առաքելությունից:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը. «Ուզում եմ հիշեցնել, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ այդ ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է՝ եթե վեց ամիս առաջ կողմերից մեկը չի առարկում, այսինքն` մեխանիզմը ինքնաբերաբար երկարացումն է: Մեր դիրքորոշումն այն է, որ ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները պետք է ապահովվեն, այս դեպքում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունն այդ նպատակով է, մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ այդ գործառույթը՝ անվտանգության և իրավունքների ապահովումը, տեղի ունենա և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվի»:
Հարցին՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ շփումներում արծարծվո՞ւմ է Արցախի հարցը, վարչապետը պատասխանեց.
«Մենք քննարկում ենք այդ հարցը, բայց կան նրբություններ, բարդություններ, այնպես չէ, որ դա պարզ քննարկում է: Ես արդեն ասացի, որ, ինչպես նախկինում, և դա ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, կա իրավիճակ, երբ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի հետ չեն ուզում Ղարաբաղի հարց քննարկել, բայց, իհարկե, կոնտեքստում և քննարկումներում այդ հարցը միշտ ներկա է»: