Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան ի՞նչ կապ ունի որևէ տրամադրության հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը ընկալվել է որպես Հայաստանի ցանկություն՝ փոխել իր արտաքին քաղաքական կուրսը:
«Եկեք չմոռանանք, որ Նենսի Փելոսին Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի կամ շրջանակի շատ ակտիվ ներկայացուցիչ է եղել միշտ, և նրա հետ եկել էին մարդիկ, ում Հայաստանում շատ լավ են ճանաչում, և այդ մարդիկ տասնյակ անգամներ եղել են Հայաստանի Հանրապետությունում և մի շարք հայանպաստ նախագծերի և որոշումների հեղինակներ են, այսինքն՝ իրենք Հայաստան չեն եկել որևէ մեկին ընդդեմ:
Արդյոք քննարկվե՞լ է մեր հանդիպումներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ակտիվացման հարցը: Այո՛, իհարկե քննարկվել է: Ուզում եմ հիշեցնել, որ 2019-ից Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն է սկսվել, սա պետք չի ընկալել որպես առանձին վերցրած իրադարձություն, բայց, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ շատ կարևոր ու շատ մեծ իրադարձություն էր, ինչո՞ւ. որովհետև Ներսի Փելոսին երբևէ Հայաստան այցելած Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:
Այցը ոչ թե տարածաշրջանային էր, այլ հատկապես այց էր Հայաստան, և ասվեց, որ դա նաև գնահատանք է Հայաստանի ժողովրդավարությանը: Բայց ես չէի ուզենա այդ այցին հակառուսական կոնտեքստ տանք, որովհետև այդ այցը հակառուսական չի եղել, այդ այցը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ: Եվ, այո՛, պետք չէ թերագնահատել այդ քայլը»,- հայտարարեց Փաշինյանը: