Չեխիայում Էրդողանի հետ հանդիպում լինելո՞ւ է: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ հայկական կողմը չեն բացառել նման հանդիպումը, սակայն դա դեռ չի նշանակում, որ հանդիպումը կկայանա:
«Դա կախված է մի քանի հանգամանքներից, այդ թվում՝ ոչ միայն մեր ուղղակի հարաբերությունների հանգամանքից»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ կա ԵՄ-ի կողմից կազմակերպվող՝ ավելի լայն միջոցառում, որին հրավիրված են նաև Հայաստանը և Թուրքիան:
«Մենք պետք է որոշում կայացնենք այդ գագաթնաժողովին մասնակցելու և ինչ մակարդակով մասնակցելու վերաբերյալ, երկրորդ խնդիրն է` հանդիպումը կկայանա՞, թե՞ ոչ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը Պրահա մեկնելու որոշում ունի, մասնակցելու է գագաթնաժողովին:
Հարցին` ինչ օրակարգով է Հայաստանը ներկայանում այդ հանդիպմանը, վարչապետը պատասխանեց. «Սահմանների բացում, հարաբերությունների կարգավորում»:
Ճշտող հարցին՝ Արցախի հարցի քննարկում լինելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Երբ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, շատ հարցեր կքննարկվեն: Դա, եթե լինի, լինելու է մեր առաջին հանդիպումը, լինելու է ծանոթություն»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք շարունակվո՞ւմ են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները, վարչապետը պատասխանեց՝ որևէ ազդակ կամ պայմանավորվածություն չկա, որ հանդիպումները դադարում են, բայց այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման տեղ-ժամ պայմանավորված չէ: