Թբիլիսիում ավարտվել է Եվրոպայի պարածանրամարտի բաց առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել 3 մարզիկով:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել կանանց 50 կգ քաշային կարգում հանդես եկող Սվետլանա Մանուկյանը: Նա Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ արժանանով բրոնզե մեդալի: Ի դեպ, գյումրեցի մարզուհու համար սա պրոֆեսիոնալ կարիերայի առաջին միջազգային մրցաշարն էր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Գրետա Վարդանյանը, հանդես գալով 61 կգ քաշային կարգում, Եվրոպայի մայրցամաքային առաջնությունում զբաղեցրել է 5-րդ, իսկ Եվրոպայի բաց առաջնությունում՝ 6-րդ հորիզոնականը:
Պարածանրորդ Հարություն Մխիթարյանն անհատական մրցապայքարին չի կարողացել մասնակցել կորոնավիրուսային թեստի դրական պատասխանի պատճառով:
Սեպտեմբերի 29-ին արդեն Հայաստանի պարածանրամարտի հավաքականը հանդես է եկել թիմային խառը մրցապայքարում։ Պատվիրված 223.152 միավորից Հայաստանի ներկայացուցիչները կարողացել են վաստակել միայն 82.460 միավոր։ Գրետա Վարդանյանի հաջող մոտեցումից հետո մեր թիմն առաջին հորիզոնականում է եղել, սակայն մյուս երկու մոտեցումներում մեր մարզիկներ Սվետլանա Մանուկյանի և Հարություն Մխիթարյանի բարձրացրած քաշերը համարվել են չբարձրացված, ինչի արդյունքում Հայաստանի հավաքականը միավորներ չի ստացել և չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։
Թիմային պայքարում սա Հայաստանի ներկայացուցիչների նորամուտն էր:
Մայրցամաքային առաջնություններից հետո Հայաստանի ներկայացուցիչները դեկտեմբերի 10-19-ն Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցելու են աշխարհի գավաթի առաջնությանը, որը նույնպես վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի պարալիմպիկ խաղերի համար: