Գործադիրը սահմանել է Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները: Ըստ այդմ կհստակեցվեն նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմերի վարձատրության սկզբունքները, և կստեղծվեն նախադրյալներ վարձատրության քաղաքականության շարունակական բարելավման ուղղությամբ՝ համակարգային մոտեցման շրջանակում։ Ոլորտում աշխատակիցների վարձատրության խրախուսումը կխթանի նոր և որակյալ կադրերի մուտքը՝ ապահովելով նախադպրոցական ծառայությունների որակի շարունակական բարձրացման նախադրյալները։
Արդյունքում կապահովվի նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի վարձատրության միասնական քաղաքականություն: Ըստ հիմնավորման՝ հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում՝ մինչև 2023 թ. 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի։
Ներկայումս ՀՀ-ում գործում է 906 համայնքային, գերատեսչական և ոչ պետական նախադպրոցական հաստատություն (ՆԴՀ), որոնցից 701-ը` մանկապարտեզ, 70-ը` մսուր-մանկապարտեզ, 135-ը` դպրոց-մանկապարտեզ: ՆԴՀ-ների ընդհանուր քանակից 842-ը համայնքային ենթակայության է, 10-ը` գերատեսչական և 54-ը` ոչ պետական: Երեխաների ընդգրկվածությունը ՆԴՀ-ներում (0-5 տարեկան բնակչության թվաքանակից) կազմել է 34.7 տոկոս, քաղաքներում` 39.6 տոկոս, գյուղերում` 25.4 տոկոս: Միաժամանակ, շարունակում է լրջագույն խնդիր մնալ նախադպրոցական հաստատությունների գործառնության միասնական սկզբունքների և մեթոդաբանության բացակայությունը, ինչը նախադպրոցական ծառայությունների որակի վերահսկողության և պետական չափորոշիչների արդյունավետ կիրառման հնարավորություններն էապես նվազեցնում է։
Ինչպես ցույց են տալիս ոլորտի տարբեր հետազոտությունները, խիստ տարբեր են ոչ միայն նախադպրոցական հաստատությունների սննդի, պահպանմանն ուղղված կոմունալ ծախսերի հաշվարկման մեթոդաբանություններն ու մեծությունները, այլ նաև նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության չափերն ու մոտեցումները։
Ըստ այդմ՝ անհրաժեշտ է սահմանել ոլորտում ուղենշային սկզբունքներ և մոտեցումներ, որոնք կկանոնակարգեն դաշտը՝ առաջարկելով միասնական մեթոդաբանություն նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության մասով։