Կառավարության քննարկման է ներկայացվել 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես նիստի ընթացքում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, այն Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրն ընդգրկող ժամանակահատվածի երկրորդ ամբողջական տարվա համար հաստատման ներկայացված բյուջեն է:
Նախագիծը պետք է ապահովի այն ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորում, որոնք կիրականացվեն 2023 թվականի ընթացքում Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար:
«2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում: Վերջին ամիսների ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար և ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:
Նշված պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսական միջավայրի վրա և գալիք տարվա մակրոտնտեսական միջավայրը դարձնում են դժվար կանխատեսելի, միաժամանակ, չնայած առկա բարձր ռիսկերին և անորոշություններին, ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը դրական զարգացում է դրսևորում:
2022 թվականի 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: Դա թույլ է տալիս ոչ միայն պահանջված ամբողջ ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջեով սահմանված ծախսային ծրագրերն ու միջոցառումները, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր նախաձեռնությունների իրագործման համար և արագացնել Կառավարության 2021-2026 թվականների ծրագրային նպատակների իրագործման ընթացքը»,- նշեց ֆինանսների նախարարը: