ՊԵԿ ղեկավարությունը ավարտական քննություն է ընդունում։ Չորրորդ օրն է՝ ստուգում են մաքսային ծառայողի դասընթացին մասնակցած երիտասարդների գիտելիքները։ Հարցաշարում ներառված են ԵԱՏՄ բարդ կարգավորումներից մինչև պարզ չափաքանակներ․ օրինակ՝ Հայաստան մտնելիս քաղաքացին որքա՞ն ապրանք կարող է առանց մաքսազերծման անցկացնել։
Երիտասարդների խմբի հետ միջանցքում անհամբեր արդյունքներին է սպասում դասընթացի պատասխանատուն։ Չի բացառում, որ գիտելիքներով փայլողների կողքին լինեն նաև քննությունից կտրվողներ, բայց ընդհանուր առմամբ վստահ է` այն 180-ը, որ ընտրական տարբեր փուլերում մնացել են մոտ 2000 դիմորդից՝ կարող են ոլորտային հարցերի շուրջ անկաշկանդ շփվել ռուսերեն-անգլերենով, տիրապետում են համակարգչի, խտացված տեսական ու գործնական պարապմունքների շնորհիվ աշխատանքի անցնելիս խնդիր չեն ունենա։
Գոռ Վարդանյան (ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի ուսումնական մասի պետ) - Իրենք պատրաստի աշխատողներ են և կարող են նստել, այո իրենք բոլոր պրակտիկ գործերին ծանոթացել են 10 շաբաթ:
Գործում հմտանալու կարիք, իհարկե, լինելու է՝ խոստովանում են բոլորը, մանավանդ որ համակարգի աշխատողներից շատ են լսել՝ ներմուծող-արտահանողների կողմից լավ վարձատրվող մաքսային բրոքերներն օրենքների բացերն անգիր գիտեն և հատկապես նոր ծառայողների դեպքում փորձելու են բիզնեսի շահն առաջ մղել։ Աշխատանքային փորձն արագ կլուծի այդ հարցը՝ համոզված է Ստելլան։
Ստելլա Հարությունյան (մաքսային ծառայողի թեկնածու) - Մենք պետք է ավելի շատ ինֆորմացիա ունենանք, քան բրոքերը կամ մասնավոր սեկտորի ներկայացուցիչ:
Համարձակորեն մաքսատուն է որոշել տեղափոխվել նաև մինչև հիմա ՊԵԿ-ի զանգերի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը։
Հռիփսիմե Տիտոյան (մաքսային ծառայողի թեկնածու) - Պատասխանատվությունից չեմ վախենում: Հա, զանգերի կենտրոնը շատ մեծ փորձ է ինձ տվել, բայց առաջ գնալու համար ցանկալի է, որ աշխատանքը շարունակեմ մաքսային մարմնում հենց, էդպես եմ պատկերացրել:
Ի դեպ, դասընթացին մասնակցածների մոտ 40 տոկոսը՝ ՊԵԿ համակարգից են։ Ուսումնական այս կուրսը որոշել են անցնել, որովհետև կոմիտեի՝ սկզբում մաքսային, հետո նաև հարկային բլոկում շուտով կարողանալու են աշխատել միայն համապատասխան քննությամբ ատեստավորված կադրերը։
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Ամբողջ համակարգում այս ընթացակարգով պետք է համալրվի, այսինքն՝ բաց մրցույթներով, նման բարդացված, բայց ապագա մաքսային և հարկային ծառայողին պատրաստող ծրագրով, որպեսզի աշխատանքի անցնելիս իրենք որևէ գործողության ժամանակ կասկած չունենան գիտելիքի հարցում:
Ըստ Ռուստամ Բադասյանի՝ նոր սկզբունքով կադրային առաջին նշանակումները լինելու են Արարատյան մաքսատանը։ Այն վերակազմակերպվում է Երևանի ստորաբաժանման և կհամալրվի այս դասընթաց-քննությունից ամենաբարձր բալեր հավաքած երիտասարդներով։ Բարեփոխման ժամկետի հարցում մեծ շեղում չունեն:
Ռուստամ Բադասյան - Նախնական՝ հոկտեմբերին այս ամսվա ընթացքում նշանակումները կլինեն:
Քննությունները կավարտվեն երեքշաբթի։ Ապագա մաքսավորների գիտելիքների մակարդակը՝ Բադասյանը գնահատեց ոգևորող: