ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը:
Նիստը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:
Օրակարգային հարցերն էին՝ մրցույթի կարգով հաստատված 20 անվանակարգերից ընտրել մրցութային 5 անվանակարգ, ձևավորել փորձագիտական հանձնաժողով՝ բաղկացած 10 անդամներից, որոնք ընտրվում են կազմկոմիտեի կողմից՝ ըստ անվանակարգերի, սահմանել մրցույթի հայտերի ընդունման և մրցույթի արդյունքների հրապարակման ժամկետները:
Կազմկոմիտեի անդամները ծանոթացել են բոլոր անվանակարգերին և առանձնացրել դրանցից հինգը՝
-
ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
-
գյուղատնտեսական գիտություններ,
-
քիմիական գիտություններ,
-
ռազմական գիտություններ,
-
տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Քննարկվել է նաև փորձագիտական խմբի անդամների ընտրության հարցը: Նախանշվել են պետական և մասնավոր այն կառույցները, որոնց ներկայացուցիչները պետք է ընդգրկվեն որպես «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում ներկայացված նախագծերը գնահատող փորձագետներ:
Փորձագիտական հանձնաժողովի ձևավորումից հետո կազկոմիտեի մասնակցությամբ կհրավիրվի նիստ՝ հաստատելու հայտերի ընդունման ձևաչափին ներկայացվող պահանջները և գնահատման թերթիկի չափորոշիչները:
Նախնական պայմանավորվածությամբ՝ որոշվել է հայտերի ընդունման ժամկետը սահմանել մինչև 1 ամիս:
«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, երիտասարդների ներգրավմանը և քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը: