ՀԱՊԿ-ի մասին առանձին գործիչների հնչեցրած քննադատական անհիմն հայտարարությունները չեն նպաստում փոխընդունելի որոշումների որոնմանը՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության վերաբերյալ կոչերին:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել սեպտեմբերի 15-23-ը Հայաստանում ՀԱՊԿ առաքելության արդյունքները՝ գնահատականներն ու առաջարկները: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 27-ին, Զասը նախնական զեկույցը ներկայացրել է նաև ՀԱՊԿ մշտական խորհրդին:
Մեկնաբանելով Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին չմասնակցելու՝ հայկական կողմի որոշումը՝ Զախարովան ընդգծել է՝ Հայաստանը գործում է՝ առաջնորդվելով երկրի զինված ուժերի գերակա խնդիրներով և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը. դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Մարիա Զախարովա - ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ գործակցությունը, ընդհանուր առմամբ, արդյունավետ ենք գնահատում: Հայաստանի նախագահությունը համընկավ կազմակերպության անվտանգությանը սպառնացող մարտահրավերների հետ, որոնց պետք է դիմակայենք համատեղ ուժերով: Երևանում նախատեսվում է անցկացնել ՀԱՊԿ գագաթնաժողով: Այն կամրագրի 20 տարվա ընթացքում կառույցի գործունեության արդյունքները. կարծում եմ՝ կուրվագծվեն նաև ապագայի հեռանկարները:
Խոսելով տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հեռանկարների մասին՝ Զախարովան ևս մեկ անգամ շեշտել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը:
Մարիա Զախարովա - Հայտարարություններում արձանագրված է այն, ինչ տեղի է ունեցել: Այդ փաստաթղթերում կա նաև ապագայի տեսլական: Դրանք համաձայնեցված են ոչ թե միջնորդի և առանձին երկրի միջև, այլ երկրների, որոնք հակամարտության երկարատև պատմության կողմ են: Հենց դրա շնորհիվ էլ այս պայմանավորվածությունները իրական ճանապարհային քարտեզ են, այլ ոչ թվացյալ:
Զախարովան ապակառուցողական է գնահատել իրավիճակին ոչ տարածաշրջանային որոշ դերակատարների միջամտության փորձերը՝ նրանց մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը խոչընդոտելու համար:
Միևնույն ժամանակ նա շեշտել է՝ Մոսկվան շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ, կապի մեջ է թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ:
Մարիա Զախարովա - Անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել բոլոր ուժերը նախնական դիրքեր:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը համոզված է՝ Կովկասում հաջողության նախապայմանը եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է, այդ թվում՝ տարաշաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի համաձայնեցումը: