Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարանի ձեռքբերման նպատակով աջակցության շարունակական իրականացումը: Հիմնավորման համաձայն՝ ՊՆ համակարգի նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նախարարության անվամբ բացված արտաբյուջետային ավանդային հաշվին փոխանցվել է 5.705.000,0 հազ.դրամ` մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով` շահառուների վճարահաշվարկային սպասարկումը կատարելու համար:
2019-ից իրականացվող «Զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին բանակարան ձեռք բերելու համար պետական աջակցության տրամադրում» ծրագրով 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ բնակարանի գնման վկայագրերի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել թվով 502 ընտանիքի` ընդամենը 3.644.317,0 հազ.դրամ գումարի չափով: Մնացորդը կազմում է 2.400.330,0 հազ.դրամ:
Օգոստոսի 1-ի դրությամբ բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 796 շահառու, որից 514-ը՝ Երևանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակարանի գնման վկայագրերի ժամկետը սահմանված է 1 տարի մարման ժամկետով, իսկ որոշմամբ ավանդային հաշվի գործողության ժամկետը սահմանված է մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նշված որոշման մեջ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 21 ամսվա փոխարեն սահմանել 22 ամիս: Շահառու հանդիսացող թվով 65 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը մեկ ամսվա համար կազմում է 19.500.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2022 թ. պետբյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին: