Շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:
«Մեր խնդիրն է նաև, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ ականջալուր ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին, ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով, բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների: Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը: Կլինի դա ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի թե որևէ այլ միջազգային կազմակերպություն»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց, որ ռազմավարական մոտեցում է որդեգրվել սկզբունքայնորեն պաշտպանել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:
«Մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք: Առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Երկրորդը՝ մենք հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, կրթության ոլորտում մեզ պետք են էական, խոշոր պետական ներդրումներ: Հաջորդը ՀՀ զինված ուժերի հետևողական բարեփոխումներն են»,- ասաց ՀՀ վարչապետը: