Երևանում սեպտեմբերի 28-ին և 29-ին անցկացվում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» (Science & Technology Convergence Coference - STCC22) ամենամյա գիտաժողովը։
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, GIZ-ի և ԳԱԱ-ի ներկայացուցիչները։
Իրենց խոսքում նրանք շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին, ընդգծել միջոցառման անցկացման կարևորությունը, որը կարող է լուրջ խթան հանդիսանալ գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության և տնտեսության զարգացմանը։
«Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը, որը համախմբում է գիտական և համալսարանական համայնքի, տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների, հետազոտական հաստատությունների ներկայացուցիչներին, անցկացվում է արդեն 3-րդ անգամ։ Այս տարի գիտաժողովն ունի թեմատիկ երեք ուղղություն՝
• Արհեստական բանականություն, համակարգչային տեսություն և ինքնավարության հետազոտություն,
• Հաշվարկային կենսատեխնոլոգիա և առողջապահություն,
• Ֆիզիկա, ճարտարագիտություն և տիեզերք:
Պանելային քննարկումները, որին մասնակցում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ուղղված են Հայաստանի զարգացման հեռանկարներին, Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին, գիտահեն արդյունաբերության առաջընթացի հնարավորություններին, մի շարք այլ թեմաների։
Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտը և «Քաթըլիսթ» հիմնադրամը։ Այն իրականացվել է Եվրոպական միության և GIZ-ի (EU ITTD)-ի աջակցությամբ։