Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների արդյունքներից հետո, որոնց համաձայն՝ ընտրողների մեծ մասը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին, Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել Ռուսաստանի դեմ:
Այս նախաձեռնությամբ հանդես են եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նրանք ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղի ունեցած քվեարկությունը «կեղծ հանրաքվե» են որակել, հավատացրել՝ ԵՄ-ն երբեք չի ճանաչի դրանց արդյունքները:
Պատժամիջոցների արդեն 8-րդ փաթեթը կարող է ներառել սահմանափակումներ ռուսական ապրանքների ներմուծման և Ռուսաստան մի շարք ապրանքների արտահանման հետ կապված:
DPA լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է նաև առաջարկել ռուսական վառելիքի գնի վերին սահմանաչափ ընդունել։ Նոր փաթեթի մասով վերջնական որոշում կարող է կայացվել սեպտեմբերի 30-ին: